Բաժին. Տնտեսական

2016թ. ամենաշատն աշխատել է Ուորեն Բաֆեթը՝ շուրջ $12 մլրդ

Պարզվում է՝ 2016 թվականը միլիարդատերերի համար եղել է բավականին հաջող տարի: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ այս տարի աշխարհի ամենահարուստ մարդիկ իրենց ընդհանուր կարողությունն ավելացրել են շուրջ 237 մլրդ ԱՄՆ դոլարով, ընդ որում՝ Ուորեն Բաֆեթն, ով աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն է, ապահովել է ամենամեծ «օգուտը»՝ մեկ տարվա ընթացքում հարստանալով 11.8 մլրդ ԱՄՆ դոլարով: Այսօր Բաֆեթի ընդհանուր կարողությունը գնահատվում է 74.1 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես նշում են վերլուծաբանները՝ Բաֆեթն իր «ֆինանսական հաջողությամբ» մասամբ պարտական է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ նախագահական ընտրություններում վերջինիս հաղթանակի արդյունքում շուկայում գրանցվել են զգալի փոփոխություններ: Դրանց արդյունքում Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը ապահովել է լավ արդյունքներ:

Նշենք նաև, որ ըստ Bloomberg-ի տվյալների՝ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, 2016 թվականին հարստացել է շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլարով: Այսօր արդեն Գեյթսի կարողությունը գնահատվում է 91.5 մլրդ ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, Amazon ընկերության հիմնադիր Ջեֆֆ Բեզոնի կարողությունն ավելացել է 7.5 մլրդ ԱՄՆ դոլարով և կազմում է 67.2 մլրդ ԱՄՆ դոլար: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այս տարի հարստացել է 5.4 մլրդ ԱՄՆ դոլար և այսօր ունի մոտ 50 մլրդ ԱՄՆ դոլարի կարողություն:

Share