Բաժին. Տնտեսական

2016թ.-ին Հայաստանում արտադրվել է ավելի քան 113 հազար կարատ ադամանդ

2016 թվականին Հայաստանի ադամանդագործության ոլորտում գրանցվել են դրական զարգացումներ. աճել են արտադրության ծավալները:

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է շուրջ 113 հազար կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 64%-ով:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Հայաստանում ադամանդի մշակմամբ զբաղվում է հիմնականում 9 ընկերություն: 2015 թվականին այս ընկերությունները համադրելի գներով թողարկել էին 14.2 մլրդ դրամի արտադրանք: Բնեղեն արտահայտությամբ՝ 2015 թվականին Հայաստանում արտադրվել էր 81 հազար 346 կարատ ադամանդ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 59 հազար 712 կարատ ադամանդ: 2013 թվականին արտադրվել էր 94 հազար կարատ ադամանդ:

Հիշեցնենք, որ Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում համարվել է ադամանդի վերամշակման կենտրոններից մեկը: 1973 թվականին «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվել է առաջին վերամշակման արտադրամասը, իսկ 1976 թվականին հիմնվել էր «Շողակն» գործարանը՝ տարեկան 140 հազար կարատ վերամշակման հզորությամբ:

Հանրապետության ադամանդների մշակման բնագավառի հաջող տարիներ են համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք (2003 թվական): Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գործել են ադամանդի մշակման մինչև 25 ընկերություններ:

Նշենք նաև, որ մոտ ապագայում «Շողակն»-ը, որը դադարեցրել էր գործունեությունը 2000-ականների վերջին` ադամանդագործության ոլորտում սկսված ճգնաժամի պատճառով, կվերսկսի իր գործունեությունը:

Share