Բաժին. Տնտեսական

«Սևանի իշխան» ՓԲԸ-ի հաշվին 2016 թ. Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ մեկ միլիոն մանրաձուկ

2016 թվականին  Սևանա  լճում ձկնային պաշարների վերականգնման ուղղությամբ իրականացված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագրի» շրջանակում Կարճաղբյուր համայնքում արդեն կառուցվել և գործում է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ձկնաբուծարան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, իր արտադրողականությամբ գործարանը մի քանի անգամ կգերազանցի ԽՍՀՄ տարիներին Սևանա լճի ավազանում եղած մանրաձկան չորս գործարանների արտադրողականությունը: «Արդեն ստեղծվել է Սևանի իշխանի մայրական կազմ՝ 6100 հատ: Ավարտական փուլում է գտնվում ձկան վերամշակման գործարանի կառուցումը, որտեղ  տարեկան կվերամշակվի 6-8 հազար տոննա ձուկ: Այս պահին լճում տեղադրված են 12 օղակաձև ցանցավանդակներ՝ 25 մետր տրամագծով, որտեղ արդեն կան մոտ 50 տոննա «Գեղարքունի» և «ամառային իշխանի» արդյունագործական պաշարներ: Վերջնական արդյունքում տարեկան կարտադրվի 50 հազար տոննա ձուկ։։

«Սևանի իշխան» ՓԲԸ-ի հաշվին 2016 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ մեկ միլիոն մանրաձուկ, այդ գործընթացը կշարունակվի, և արդեն լիճ բաց կթողնվի արտադրված մանրաձկան 25 տոկոսը: Տարեկան կարտադրվի մոտ 200 տոննա 50-գրամանոց մանրաձուկ: 2017 թվականի հունվարի առաջին կեսի դրությամբ գործարանում առկա է շուրջ 300 հազար մանրաձուկ», – ամփոփեց Համբարձում Համբարձումյանը։

Share