Բաժին. Տնտեսական

Քաղաքացիական ավիացիա. 2016 թվականի զարգացումները՝ թվերով

«Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո Հայաստանի ավիացիոն իշխանություններն ակտիվ աշխատանքներ են տարել միջազգային հարթակներում մեր երկրի հնարավորությունների ներկայացման ուղղությամբ: Ինչպես նշվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության 2016թ. գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվության մեջ՝ ներկայում ներպետական ընթացակարգերի մեջ են գտնվում 10 պետությունների հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրերի նախագծերը: Այդ պետություններն են՝ Ղազախստանի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Նորվեգիայի Թագավորություն, Դանիայի Թագավորություն, Շվեդիայի Թագավորություն, Բելգիայի Թագավորություն, Սինգապուրի Հանրապետություն, Կանադա, Ավստրալիա և Չինաստան։

Ըստ ներկայացված տվյալների՝ նախարարության կողմից 2016թ. օտարերկրյա օդանավ շահագործողներին տրվել են թվով 149 թույլտվություններ, որոնցից` 114-ը կանոնավոր, 35-ը` ոչ կանոնավոր չվերթների իրականացման համար` շուրջ 38 ուղղություններով:

2016 թվականի կարևոր զարգացումներից է եղել նաև Շիրակ օդանավակայանի շահագործումն ու ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից բյուջետային թռիչքների իրականացման մեկնարկը:

Ընդհանուր առմամբ, 2016թ. ընթացքում հայկական շուկա են մուտք գործել 6 նոր ավիաընկերություններ՝ կատարական «Քաթար Էյրվեյս» (Դոհա-Երևան-Դոհա), բելգիական «Բրասլս էյրլայնս» (Բրյուսել- Երևան-Բրյուսել), ռուսական «Գլոբուս» (Մոսկվա-Երևան-Մոսկվա), «Նորդ Վինդ» (Մոսկվա-Երևան-Մոսկվա), «Պոբեդա» (Մոսկվա-Գյումրի-Մոսկվա) և իրանական «Նաֆթ» (Սպահան-Երևան-Սպահան)։

Share