Բաժին. Տնտեսական

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գերակա խնդիրների իրականացման արդյունքները

ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մասով ներառված էր թվով 4 միջոցառում, որոնք սահմանված ժամկետում ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը: Երկու միջոցառման մասով  կայացվել է ՀՀ կառավարության համապատասխան արձանագրային որոշում:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գերակա խնդիրների իրականացման արդյունքները.

Տարածաշրջանային ինտեգրման ապահովում

– Իրան-Հայաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում սարքավորումների ներկրման, հենասյուների հիմքերի փորման, բետոնավորման և հենասյուների մոնտաժման աշխատանքների մեկնարկ (Իրանի արտահանման զարգացման բանկ (ԻԱԶԲ) և Սանիր Ինտերնեյշնլ ՖԶԵ ընկերություն)

Շինարարական աշխատանքները վերսկսվել են 2016թ.-ի ապրիլ ամսից: Էլեկտրահաղորդման տարբեր հատվածներում կառուցվել են շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհներ, կատարվել են 121 խարսխային և անկյունային հենարանների հիմքերի ինժեներաերկրաբանական հետազոտություններ՝ հորատանցքերի կատարումով, փորվել են 59 հենարանների հիմքեր՝ որից 39-ը բետոնապատվել են, մոնտաժվել է 6 հենարան: Ավարտվել են 706 հենարանների նշահարման աշխատանքները: Հայաստան են ներկրվել և պահեստավորվել 384 հենարանների համար LSD-3 տեսակի ցցաձողերը և 13 հենարանների համար մետաղական կոնստրուկցիաներն ամբողջությամբ:

«Նորավան» ենթակայանում իրականացվել են 620 գմ պարիսպապատման, 73 500 խմ տարածքի հողի կտրման, 40 000 խմ հողի տեղափոխման, 27 150 խմ հողի հետլիցքի և ղեկավարման շենքի հիմքի փորման աշխատանքներ:

– Հայաստան-Վրաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի գլխավոր կապալառուի ընտրություն (Գերմանիայի զարգացման վարկերի բանկ (KfW)

Ծրագրի նախապատրաստման, վերահսկման և կառավարման խորհրդատվական «Fichtner GmbH & Co.KG» ընկերության կողմից մշակված մրցութային փաստաթղթերի համաձայն 2016թ. հուլիսի 22-ին հայտարարվել են մրցույթներ, հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանելով՝ Բարձր լարման հաստատուն հոսանքի (ԲԼՀՀ) փոխակերպիչ կայանի և ենթակայանների կառուցման (Լոտ 1) համար 2017թ-ի. փետրվարի 6-ը, իսկ  Էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման (Լոտ 2) համար
2017թ.-ի փետրվարի 8-ը: Հաշվետու ժամանակահատվածի դրությամբ Լոտ 1-ի համար հայտ է ձեռք բերել 17 ընկերություն, Լոտ 2-ի համար՝ 30 ընկերություն:

Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացում

– Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքների իրականացում և ավարտ (Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) Հաշվետու ժամանակահատվածում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի (ծրագիր) շրջանակներում շարունակվել է ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը:

Աշխատանքների իրականացմանը մասնակցել է 15 մասնագիտացված կազմակերպություն, զննվել է 4500 միավոր սարքավորում, մշակվել և տրամադրվել է 46 հաշվետու փաստաթուղթ։ Իրականացվել են նաև ռեակտորային տեղակայանքի սարքավորումների, հիմնական խողովակագծերի մետաղի և եռակցման կարերի գործիքային զննման աշխատանքները, զուգահեռաբար մեկնարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ամրանների, ջերմամեխանիկական, բեռնամբարձիչ և այլ սարքավորումների գործիքային զննման աշխատանքները, որոնք կավարտվեն 2018թ.-ին: Գործիքային զննման արդյունքում նախատեսվում է որոշել սարքավորումների ավելի քան 1000 միավորի մնացորդային ռեսուրսը՝ դրանց հետագա շահագործման նպատակով:

Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակում երկրաջերմային ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացում

– Կարկառի երկրաջերմային տեղանքում առաջնային էներգակրի պարամետրերի որոշման համար հորատանցքերի հորատման աշխատանքների կատարում`

Ծրագրի շրջանակներում ավարտվել են երկու նեղ հորատանցքերի փորման համար մուտքային ճանապարհի, հորատման հարթակների և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները: 2016թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ առաջին հորատանցքի հորատման աշխատանքներն ավարտվել են 1500 մ խորությամբ։ Չափումների արդյունքում 1495 մ խորության վրա արձանագրվել է 122.40°C ջերմաստիճան։ Որոշում է կայացվել հորատել երկրորդ հորատանցքը՝ խորությունը հնարավորինս մոտեցնելով 2000 մետրին, սակայն 1684 մ խորության վրա ավարտվել են նաև երկրորդ հորատանցքի հորատման աշխատանքները: Ներկայումս խորհրդատուի կողմից իրականացվում է երկրորդ հորատանցքի փորձարկման և կարոտաժի ուսումնասիրության արդյունքների ամփոփում:

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա տվյալների թվայնացում և հրապարակում

– Երկրաբանական տեղեկության առնվազն 35-40 տոկոսի թվայնացում, համապատասխան ինտերնետ կայքի ստեղծում (ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն (USAID)

2016թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ թվայնացվել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերի մոտ 65%-ը, այդ թվում` 6000 հաշվետվություն` 1177661 էջ և 10087 քառ. մետր քարտեզագրական նյութեր: Ստեղծվել է ինտերնետային կայք էջ` www.geo-fund.am, որտեղ տեղադրված են թվայնացված նյութերը և հասանելի են բոլորին:

Share