Բաժին. Տնտեսական

Ի՞նչ աջակցություն է տրամադրվել փոքր և միջին բիզնեսին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հրապարակել է ամփոփ վիճակագրության՝ 2016 թվականին փոքր և միջին ձեռնարկատիրության ( ՓՄՁ) ոլորտում իրականացված պետական աջակցության արդյունքների վերաբերյալ:

Այսպես, ըստ ներկայացված վիճակագրության՝ «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» 2016թ. ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի կողմից տրամադրվել է 8910 աջակցություն շուրջ 4300 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների (4 %-ը` Երևան քաղաքում, իսկ 96 %-ը` ՀՀ մարզերում): Մասնավորապես.

– 152 սկսնակ գործարարների տրամադրվել է ձեռներեցությանն աջակցություն,

– 126 ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է ուսուցողական աջակցություն,

– 8417 ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն,

– 1 ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է 14.9 մլն ՀՀ դրամի վարկային երաշխավորություն,  

– 14 սկսնակ ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվել է վարկային երաշխավորություն. ստացված վարկի ընդհանուր գումարը կազմել է 59.9 մլն ՀՀ դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը` 61.6 մլն ՀՀ դրամ: Ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարներին տրամադրված երաշխավորության միջին գումարը կազմել է 4.3 մլն ՀՀ դրամ, վարկային միջոցների միջին գումարը` 4.4 մլն ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ  «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ կողմից 2016 թվականին տրամադրվել է թվով 35 վարկ, այդ թվում` վարկավորվել է թվով 26 իրավաբանական անձ և 8 անհատ ձեռնարկատեր: Վարկավորման ծավալը կազմել է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ, որը նպաստել է նոր արտադրության կազմակերպմանը և զարգացմանը, արտահանման խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը կամ գործող աշխատատեղերի պահպանմանը ոչ միայն մոտակա, այլև հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում:

Share