Բաժին. Տնտեսական

ՓՄՁ ԶԱԿ-ն Արենիում զարգացնում է հյուրատնային բիզնեսը

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը Վայոց Ձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզային մասնաճյուղի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ տնօրեն Սուրեն Գասպարյանին: Քննարկման ընթացքում որոշվեց ակտիվացնել գործակցությունը Վայքի քաղաքապետարանի, Վայոց Ձորի մարզպետարանի հետ: Լևոն Մնացականյանը հորդորեց ավելի մեծ ուշադրություն դարձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկությանը` վերհանել և ներկայացնել մարզի տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումային գաղափարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից:

«Կարևոր է ուշադրություն դարձնել շահառու գործարարների մշտադիտարկման արդյունքներին»,- հանդիպմանն ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Գործադիր տնօրենը: Մասնաճյուղի տնօրենը գործադիր տնօրենի հետ քննարկեց նաև Վայոց Ձորի գրասենյակի գործունեության զարգացմանն ուղղված հարցերը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Սենո Ռյուջին և ծրագրի համակարգող Գառնիկ Մանուկյանը: Սենո Ռյուիջին  գործնական խորհուրդներ տվեց գրասենյակի գործունեության արդյունավետության բարձրացման համար:

Հանդիպման մասնակիցները Վայոց Ձորի մարզային մասնաճյուղում քննարկեցին նաև գործարարների աջակցության նոր մեթոդներ մշակելու և ներմուծելու հարցերը: «Անցած 2 տարվա ընթացքում մարզում ավելացել են հյուրատները և չրագործական ձեռնարկությունները: Նաև աճել է գործարար համայնքի վստահությունը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նկատմամբ»,- նշեց Սուրեն Գասպարյանը:  

Արենիում համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանի հետ Լևոն Մնացականյանը քննարկեց համայնքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունն ու աջակցությունն ընդլայնելու ուղիները: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Արենիում արդեն իրականացված մի քանի ծրագրերի համար, որոնք ուղղված են եղել զբոսաշրջության և գինեգործության զարգացմանը: Նա նաև շեշտեց, որ Արենիում խիստ զգացվում է հյուրատների կարիք: Անհրաժեշտ է նաև հիմնել տեղեկատվական կենտրոն, որը կծառայի զբոսաշրջիկների կարիքների բավարարմանը:  «Մենք զբոսաշրջիկներին Արենիում պահելու խնդիր ունենք: Շատերը գալիս են, հիանում գյուղով, մասնակցում փառատոնին, բայց վերադառնում են Երևան կամ գնում են Վայք»,- նշեց Րաֆֆի Խաչատրյանը:

«Արենի 1» գինետանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց գինետան սեփականատեր Վարդան Սիմոնյանի հետ: Նա աջակցություն է ստացել ՓՄՁ ԶԱԿ-ի` Սկսնակների ձեռներեցությանն աջակցություն ծրագրի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրի առաջին փուլի շրջանակում: Գործադիր տնօրենի հետ Սիմոնյանը խոսեց գինետան զարգացման հեռանկարների, հնարավորությունների և նոր գաղափարների մասին:

Share