Բաժին. Տնտեսական

IT ոլորտում մասնագիտացած գործարարը ցանկանում է ներդրումներ կատարել հայկական սթարթ-ափերում

Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի կայուն աճի ու հայկական սթարթ-ափերի հաջող զարգացման գրավականներից մեկը հայ մասնագետների կրթության բարձր մակարդակն է, հատկապես՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառներում: Այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՏՀՏ ոլորտում մասնագիտացած գործարար Դեբու Պուրկայասթան, ով հրավիրվել էր մասնակցելու Beeline ընկերության նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված Eurasia Mobile Challenge մրցույթի եզրափակիչ փուլին:

Դեբու Պուրկայասթան, ով ունի նշանակալից ներդրումային փորձ և տարիներ շարունակ Google ընկերությունում ղեկավարել է նոր պրոդուկտների ներդրման բիզնես-նախագծերը, վստահ է, որ ամենաարդյունավետը մարդկային կապիտալի վրա կատարվող ներդրումներն են: Սկսնակ գործարարներին և սթարթ-ափերին նա խորհուրդ է տալիս առաջնային հավաքել լավ թիմ, և դրանից հետո արդեն՝ մշակել գաղափար ու քրտնաջան աշխատել: Հաջողության հասնելու համար Դեբու Պուրկայասթան կարևորել է նաև խելացի կերպով ներդրումներ ներգրավելն ու ճիշտ ներդրողներ ընտրելը:

Անդրադառնալով հայաստանյան սթարթ-ափերի ներդրումային գրավչությանը՝ Դեբու Պուրկայասթան հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին միլիոնավոր դոլարներ կհոսեն Հայաստան և նշեց, որ ինքը ևս ցանկություն ունի ներդրումներ կատարել հայկական սթարթափային նախագծերում:

Ներկայում Դեբու Պուրկայասթան զբաղեցնում է ժամանակավոր ձեռնակատիրոջ կարգավիճակ եվրոպական Octopus Investments ներդրումային ընկերությունում, որը կառավարում է ավելի քան 8 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ: Միևնույն ժամանակ, զբաղեցնում է խորհրդականի պաշտոն մի շարք ընկերություններում:

Մինչև 2014 թվականը Պուրկայասթան 6 տարի անցկացրել է Google ընկերությունում՝ ղեկավարելով Նոր Բիզնեսի Զարգացման ստորաբաժանումը: Մինչ այդ Դեբուն զբաղեցրել է Google ընկերության Կորպորատիվ Զարգացման ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը՝ ուղղորդելով ընկերության միաձուլումների և ձեռքբերումների ջանքերը, այդ թվում` գլխավորելով մի շարք հիշարժան ձեռքբերումներ և ներդումային գործարքներ ԱՄՆ-ում և Եվրոպայում: 

Նշենք, որ Eurasia Mobile Challenge մրցույթը ՎիմպելԿոմ խմբի (Beeline) կորպորատիվ պատասխանատվության Make Your Mark առաջադիմական ծրագրի նախաձեռնություններից է:

Մրցույթի երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Mobile World Challenge միջոցառման շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա Բարսելոնայում՝ 2017 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը:

Share