Բաժին. Տնտեսական

2016թ.-ին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 0.5%-ով

Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է, սակայն աճն ավելի քան «համեստ է»: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016թ.-ին, 2015թ. համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է ընդամենը 0.5%:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի 0.5% աճին նպաստել են բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը և արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, մինչդեռ գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում գրանցվել է անկում:

Այսպես, 2016թ.-ին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.7%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 7.1%: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է 5.2% անկում, շինարարության ոլորտում գրանցվել է 10.8% անկում: Ինչ վերաբերում է առևրի ոլորտին, ապա այստեղ գրանցվել է շրջանառության 1% աճ:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,429.044 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 907.505 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,233.594 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,265.201 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 397,759 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու տարում սպառողական գների ինդեքսը կազմել է 98.2%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.1% աճ:

Share