Բաժին. Տնտեսական

Կառավարության նիստ. Սուրեն Կարայանին հանձնարարվեց ակտիվ աշխատել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի և Մեղրիի ԱՏԳ-ի ուղղությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին տվեց հանձնարարականներ, որոնք առնչվում են Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի հետ: Վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի մեկնարկն ապահովելու ուղղությամբ, կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ: «Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ անհրաժեշտ է շարունակել ապահովել անհրաժեշտ աշխատանքներ և ընթացքի վերաբերյալ ապահովել ամենամսյա հաշվետվություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Այնուհետև վարչապետը Կարայանից հետաքրքրվեց, թե ազատ տնտեսական գոտու մեկնարկի հետ կապված ինչ աշխատանքներ են կատարվել:

«Անցած շաբաթ մեկնարկը հայտարարել ենք և սպասում ենք հայտերի ներկայացմանը»,- ասաց նախարարը:

Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը ՌԴ և հանդիպումները մեկնարկել են հունվարի 24-ին: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով ստորագրվել է համագործակցության ամրապնդմանն ուղղված չորս փաստաթուղթ:

Share