Բաժին. Տնտեսական

Կընդլայնվի պետական մարմինների սպասարկման գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը

Պետական մարմինների սպասարկման գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկի ընդլայնմամբ պայմանավորված գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսված ծառայությունները կմատուցեն նաև «Անելիք բանկը» և «Հայէկոնոմբանկը»: Նշենք, որ մինչ այդ սպասարկման գործառույթներ են իրականացնում «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ» և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ները: Բարեփոխումների նպատակն է պետական մարմինների գործառույթներն առավել հասանելի դարձնել ՀՀ քաղաքացուն, որպեսզի հեռավոր, գյուղական համայնքների քաղաքացին ստիպված չլինի այդ հարցերի համար հասնել Երևան կամ մարզկենտրոն: Կարևորելով պետական մարմինների գործառույթները ՀՀ քաղաքացուն առավել հասանելի դարձնելուն ուղղված բարեփոխումները՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել լիարժեք իրազեկում, քանի որ պետական համապատասխան կառույցներում դեռևս առկա են հերթեր, ինչը քաղաքացիների՝ ոչ լիարժեք տեղեկացված լինելու արդյունք է:

Նոտարական գործողության համար նախատեսվող սակագնային գործակիցը սահմանելու և համապատասխան օրենսդրական կարգավորումն ապահովելու նպատակով գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Սակագնային գործակիցները սահմանվել են՝ հաշվի առնելով համանման նոտարական գործողության համար արդեն իսկ գործող սակագները, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից համանման գործողություն իրականացնելիս սահմանված ծառայությունների վճարի և պետական տուրքի գործակիցները՝ հնարավորինս փորձելով չծանրացնել բնակչության ֆինանսական բեռը:

Share