Բաժին. Տնտեսական

Սննդամթերք արտադրող ընկերություններից որո՞նք են հայտնվել խոշոր հարկատուների ցանկում

40% շուկայական մասնաբաժին և ամենաշատ վճարված հարկեր. «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ն իր ոլորտում առաջինն է

Մեր երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է սննդամթերքի արտադրության ոլորտում գործող ավելի քան 30 ընկերություն, որոնցից են, մասնավորապես, «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ», «ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ», «ՍՊԱՅԿԱ», «ԱԹԵՆՔ», «ԱՊԵՅՐՈՆ», «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» և «ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունները:

Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալները՝ սննդամթերք արտադրող ընկերությունների շարքում իր վճարած հարկերով առաջին տեղում «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերությունն է: Վերջինս սննդամթերքի արտադրության ոլորտի միակ ընկերությունն է, որը հայտնվել է խոշոր հարկ վճարողների առաջին 100-յակում:

2016 թվականին «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի պետական բյուջե է վճարել շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր: Արդյունքում, հանրապետության խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 20-րդն է:

Ոլորտի երկրորդ խոշոր հարկատուն «ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությունն է, որը հաշվետու տարվա ընթացքում վճարել է 1 մլրդ 133.23 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր ու հայտնվել խոշոր հարկ վճարողների ցանկի 119-րդ տեղում:

«ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը սննդամթերքի արտադրության ոլորտի երրորդ խոշոր հարկատուն է՝ 1 մլրդ 65.44 մլն ՀՀ դրամ վճարված հարկերով ու տուրքերով: Հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը 122-րդն է:

2015 թվականի համեմատ այս երեք ընկերություններն էլ ավելացրել են վճարված հարկերի ու տուրքերի ծավալը: Համեմատության համար նշենք միայն, որ 2015 թվականին «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերությունը պետբյուջե էր վճարել 4 մլրդ 633.29 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր:

Եվս մի քանի հետաքրքիր ցուցանիշ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերության մասին. այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին և այսօր զբաղեցնում է Հայաստանի հրուշակեղենի շուկայի 40 տոկոսից ավելին: Ընկերությունն արտադրում է ավելի քան 400 անուն ապրանքատեսակ: Տեղական արտադրության ոլորտում Հայաստանի ամենախոշոր գործատուն է և ունի շուրջ 3200 աշխատակից:

Share