Բաժին. Տնտեսական

Խմիչք արտադրող խոշոր հարկատուները

Խմիչքների արտադրության ոլորտում գործող 29 ընկերություն հայտնվել է մեր երկրի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում, 3-ն՝ առաջին 50-յակում: Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով (ՊԵԿ)՝ 2016 թվականի ընթացքում վերը նշված 29 ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 26 մլրդ 853 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, իսկ առաջին 50-յակում ընդգրկված 3 ընկերությունները միասին՝ մոտ 12 մլրդ ՀՀ դրամ:

Թե որոնք են Հայաստանում խմիչք արտադրող 3 խոշոր հարկատու ընկերությունները, ներկայացնում ենք ստորև.

1 ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ / Ըստ ձևավորված ավանդույթի՝ խմիչքների արտադրության ոլորտի խոշոր հարկատուն շարունակում է մնալ Երևանի Կոնյակի Գործարանը: Հաշվետու տարում ընկերությունը պետբյուջե է վճարել 4 մլրդ 972 մլն ՀՀ դրամ և հայտնվել Հայաստանի խոշոր հարկ վճարողների ընդհանուր ցանկի 21-րդ հորիզոնականում: Ընկերության վճարած հարկերից շուրջ 2 մլրդ 170 մլն ՀՀ դրամը կազմել են ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտային հարկը: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին Երևանի կոնյակի գործարանը բյուջե էր վճարել մոտ 4 մլրդ 929 մլն ՀՀ դրամ, 2014 թվականին՝ շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2013 թվականին՝ 4 մլրդ 685 մլն ՀՀ դրամ:

2 ԿՈԿԱ ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ / 2016 թվականի արդյունքներով խմիչքների արտադրության ոլորտի երկրորդ խոշոր հարկատուն «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն է՝ վճարված 3 մլրդ 667 մլն ՀՀ դրամով: Ընդ որում, միայն ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտային հարկը, կազմել են 943 մլն ՀՀ դրամ: Հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը 27-րդն է:

3 ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ / Խմիչք արտադրող երրորդ խոշոր հարկատուն «Սարգիս Կարոլինա» ընկերությունն է, որը 2016 թվականի ընթացքում պետբյուջե է վճարել 3 մլրդ 280 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, որից ուղղակի հարկերը կազմել են 103 մլն ՀՀ դրամ: Հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը հայտնվել է 35-րդ տեղում:

Share