Բաժին. Տնտեսական

2016թ.-ին ՓՄՁ ԶԱԿ-ը աջակցություն է տրամադրել շուրջ 4300 սուբյեկտի

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի կողմից 2016 թվականի ընթացքում արձանագրվել է շուրջ 4300 ՓՄՁ սուբյեկտների համար աջակցության 8900 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 9-ին 2016 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

Նրա խոսքով` ՓՄՁ ԶԱԿ-ի ծրագրերը հիմնականում առնչվում են տնտեսավորող սուբյեկտների տեխնիկական և ֆինանսական աջակցությանը: Տեխնիկականը ենթադրում է տեղեկատվական և խորհրդատվական, ուսուցողական, սկսնակ ձեռնարկատիրական գործունեության, տեղական և ոլորտային բիզնեսի, ինչպես նաև ՓՄՁ-ի միջազգային զարգացմանն ուղղված ծրագրեր: Ֆինանսական աջակցության հիմնական գործիքներն են վարկային երաշխավորությունների տրամադրումն ինչպես սկսնակ, այնպես էլ գործող ՓՄՁ սուբյեկտներին:

«ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից արձանագրվել է սկսնակ գործարարներին աջակցության տրամադրման 152 դեպք: Տրամադրվել է ուսուցողական` 126, տեղեկատվական և խորհրդատվական` 8 հազար 417 աջակցություն, սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներին 18 վարկային երաշխավորություն, որից 17-ը սկսնակ, ոլորտային բիզնեսներին` 11 դրամաշնորհներ, իսկ ՓՄՁ-ների միջազգայնացման շրջանակներում` 193 աջակցություն:  Բացի այդ նաև իրականցվել է տեղական տնտեսական զարգացման 5 ծրագիր, իսկ նոր սերնդի հաշվիչ դրամարկղային մեքենաների փոխհատուցման ծրագրի շրջանակներում 472 ՓՄՁ սուբյեկտ ստացել է սուբսիդավորում: Աջակցության 96 տոկոսն իրականացվել է ՀՀ մարզերում»,- ասաց նա` հավելելով, որ Երևանում իրականացվել է 357, Տավուշում` 500, Վայոց Ձորում` 675, Սյունիքում 408, Շիրակում 791, Կոտայքում` 1520, Լոռիում` 1572, Գեղարքունիքում` 695, Արմավիրում` 404, Արարատում` 1215 և Արագածոտնում` 780 աջակցության ծրագիր:

Մնացականյանը նաև տեղեկացրեց, որ սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրի շրջանակներում 10 ծրագիր է իրականացվել Սևանում, Իջևանում, Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Եղեգնաձորում, Օձունում և Չարենցավանում: Ընդհանուր առմամբ 307 սկսնակ գործարարներ են դիմել, որոնցից 152-ն ընտրվել են և մասնակցել դասընթացներին, իսկ 127-ը վերջում ներկայացրել են բիզնես ծրագրեր:

«Արդյունքում ունեցել ենք 22 նորաստեղծ ձեռնարկություններ, որոնց 45 տոկոսն արտադրության, 50 տոկոսը`ծառայությունների, իսկ 5 տոկոսն առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնողներ են»,-ավելացրեց  ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրենը:

Share