Բաժին. Տնտեսական

ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով վարկեր վերցրած գործարարների 7% ձախողել է

Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի միջոցով վարկավորվող սուբյեկտների ընդամենը 7 տոկոսն է խնդրահարույց: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով` սկսնակների պարագայում 7 տոկոսը միջազգային չափորոշիչներով բավականին լավ ցուցանիշ է, քանի որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ նոր սկսվող բիզնեսների 40-50 տոկոսը փակվում են:

«Մեր պարագայում այն ընդամենը 7 տոկոս է: Մենք խորհրդատվություն ենք տրամադրում գործող բիզնես ունեցող սուբյեկտներին, ինչից հետո չենք կարող նրանց հետևել և տեսնել գրանցած արդյունքները:  Սակայն ֆինանսական միջոցներ տրամադրելու դեպքում, մենք եռամսյակային ստուգումներ ենք անցկացնում: Բնականաբար կան գործարարներ, որոնք չեն հաջողում, և դա նորմալ երևույթ է»,- ասաց նա` հավելելով, որ ՓՄՁ ԶԱԿ-ի շահառուներ լինելու ընթացքում սուբյեկտների 60-70 տոկոսը շարունակում են իրենց գործունեությունը:

Մնացականյանը նաև տեղեկացրեց, որ գործունեություն ծավալելու համար շատ են դիմել ջերմոցային տնտեսությունները, առողջապահական ծառայություններ մատուցողները, առևտրի ոլորտում գործունեություն ծավալողները: Նա նաև հավելեց, որ իրենք  փորձում են շեշտը դնել արտադրության և ծառայությունների զարգացման վրա:

Share