Բաժին. Տնտեսական

Ռաֆիկ Գրիգորյան. Զարգացումը Երևանից տեղափոխվում է մարզ. Գեղարքունիքում զգալի ներդրումներ են սպասվում

Գեղարքունիքի մարզում 2017 թվականին կլինեն ներդրումներ մի քանի ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Բազմաթիվ ծրագրեր կան կրթության ոլորտում: Կրթությունը մեզ համար գերակա ճյուղ ենք համարում: Գարնանը սկսում ենք Գավառի թիվ երկու միջնակարգ դպրոցի կառուցումը: Այս տարի 4 նոր դպրոց է կառուցվելու: Դրանից բացի, մի շարք դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում»,-ասաց մարզպետը:

Շինարարական աշխատանքներն այդքանով չեն սահմանափակվելու: Այս տարի ավարտին կհասցվեն Սևանի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները: Ընթացիկ տարում նախատեսվում է սկսել Մարտունու առողջապահական կենտրոնի շինարարությունը: Մի շարք համայնքներում էլ կվերանորոգվեն բուժկետեր:

Զգալի աշխատանքներ են նախատեսված ճանապարհաշինարարության ոլորտում: Վերականգնվում են թե միջհամայնքային, թե միջմարզային ճանապարհները: Մասնավորապես, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումն ավարտելուց հետո կսկսվեն Շորժա-Վարդենիս ճանապարհի կառուցման աշխատանքները: Գեղարքունիքի մարզն առանձնանալու է նաև մի շարք ներդրումային ծրագրերով:

«Օրեր առաջ վարչապետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Մեր ծրագրերից մեկը համարվեց լոկոմոտիվ: Խոսքը Վարդենիսի Ակունք գյուղի պանրի գործարանի հնարավորությունների ընդլայնումն է: Դրանից բացի, Լճաշենի կաթի վերամշակման արտադրամասը, խոշոր տոհմային տնտեսության ծրագրի ընդլայնումը: Այսինքն` խնդիր է դրված ընդլայնել գործող, արդեն հաջողություններ ունեցող ծրագրերը: Ի դեպ, դրանց թվում է նաև հնդկացորենի արտադրության ծրագիրը, նախատեսում ենք ավելացնել ցանքատարածությունները»,-ասաց Ռաֆիկ Գրիգորյանը: Ներդրումային հստակ ծրագրերը կան, ակնկալվում է ֆինանսական միջոցների ուղղորդում: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ անելիքներ կան ձկնաբուծության ոլորտում: Առաջիկայում կկանոնակարգվի ձկան որսը: Նախատեսված է կառուցել ձկան վերամշակման գործարան:

Գեղարքունիքի մարզն ունի նաև զբոսաշրջային մեծ ներուժ: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այդ ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում: Մասնավորապես, սերտորեն սկսել են աշխատել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

«Սա այն ոլորտն է, որտեղ պետք է շղթայական սկզբունքով բոլոր ոլորտների շահագրգիռ կողմերը ներգրավվեն: Ակտիվ աշխատանք ենք նախատեսում տուրօպերատորների հետ: Այստեղ էր եկել Զբոսաշրջության կոմիտեի նախագահը, արդեն մի քանի լուրջ ծրագրեր են քննարկվում: Վարչապետի վարած քաղաքականությունը շատ կարևոր է, ինչպես տեսնում ենք, բացի սոցիալական խնդիրներից, զարկ է տրվում տնտեսության զարգամանն ուղղված ծրագրերին: Ողջունում եմ վարչապետի վարած քաղաքականությունը, արդյունքները շատ կարճ ժամանակում տեսանելի կլինեն»,-ասաց մարզպետն` ընդգծելով, որ զարգացումը Երևանից տեղափոխվում է մարզ:

Share