Բաժին. Տնտեսական

Պարզեցված ընթացակարգեր՝ բնապահպանական վճարումների համար

Անդրադառնալով բնապահպանական վճարներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանց հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձևը և ծավալը նույնն է բոլոր աղտոտողների համար: «Արդյունքում, չունենալով աղտոտման և վճարումների մեծ ծավալներ, փոքր ծավալի աղտոտողները զգալի ժամանակ և ռեսուրսներ են ծախսում նախագծերի, ուսումնասիրությունների և հաշվետվությունների համար, իսկ լիազոր մարմինները զգալի աշխատանքային և այլ ռեսուրսներ են ծախսում վերջիններիս հսկողության, տեղեկատվության հավաքագրման, ամփոփման և վերլուծության համար»,-ասել է կառավարության ղեկավարը և հանձնարարել ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ և նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար, դիտարկել ըստ գործունեության տեսակի ընդհանրացված և տիպային վճարների ներդրման հնարավորությունները։

Վարչապետը նշել է նաև, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում այն համայնքներին, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: «Բնապահպանական վճարների բաշխման համակարգը համայնքների միջև թերի է կանոնակարգված, որն իր հերթին ակնհայտ անհամամասնություններ է ստեղծում վնասակար ազդեցություններ կրողների և մասհանումների չափերի միջև»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Ելնելով դրանից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում մշակել ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին ՀՀ օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման կարգ, որը կներառի բոլոր ազդակիր համայնքներին և նպատակ կունենա հնարավորինս նվազեցնել վնասակար ազդեցությունները։

Share