Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ-ում ակնկալում են մոտակա ամիսներին Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել

Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են շատ ակտիվ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: «Վերջերս Իրանի արդյունաբերության նախարարի տեղակալն այդ հարցով Մոսկվայում էր, մոտ օրերս էլ Եվրասիական տնտեսական միության համապատասխան պատվիրակությունը կայցելի Իրան: Մենք շատ մեծ հույսեր ենք կապում, որ մոտակա ամիսներին կավարտենք բանակցությունները, որովհետև մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս Իրանի հետ հարաբերություններին»,- ասաց Գաբրիելյանը:

Հարցին՝ այսինքն մոտակա ամիսներին հնարավոր կլինի՞ Իրանի հետ ստորագրել ազատ առևտրի համաձայնագիրը, ՀՀ փոխվարչապետը պատասխանեց. «Մենք հենց այդ հույսով ենք բանակցում, բայց ինչպիսին կլինի բանակցությունների ընթացքը, խիստ կոնֆեդենցիալ է ու դրա մասին չարժե խոսել»:

Անդրադառնալով ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ԵԱՏՄ-ի և Չինաստանի բանակցություններին՝ Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ Չինաստանի հետ բանակցությունները ևս շարունակվում են: Նա նկատեց, որ Չինաստանի հետ քննարկումներն ընթանում են ավելի հավասարաչափ տեմպով, քան Իրանի հետ: «Կարծում եմ, որ Չինաստանի հետ բանակցությունները մենք ավելի շուտ կավարտենք, քան Իրանի հետ»,- նշեց նա:

Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրել Վիետնամի հետ: Դիտարկվում է նաև Սինգապուրի, Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի հետ համաձայնագիր ստորագրելու հարցը:

Share