Բաժին. Տնտեսական

Առավել նպաստավոր պայմաններ՝ գործարար միջավայրի զարգացման համար

Գործարար միջավայրի զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերապահվի մի շարք վճարովի ծառայություններ մատուցելու հնարավորություն: Ըստ հիմնավորման, նման անհրաժեշտությունն առաջացել է՝ ելնելով ավելացվող և (կամ) վճարների նոր չափեր նախատեսող ծառայությունների պահանջարկի շուրջ արդեն իսկ ձևավորված փորձից: Մասնավորապես, փորձը ցույց է տալիս, որ նշված ծառայություններն իրենց բնույթով շատ ավելի ծավալուն են, պահանջում են ավելի շատ աշխատանք և ռեսուրս: Փոփոխությունների և լրացումների նպատակը մատուցվող ծառայությունների ընդլայնումն է: Ըստ այդմ՝ նախատեսվում է առավել նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու նպատակ ունեցող անձանց համար, ինչպես նաև ավելացնել համապատասխան վճարովի ծառայությունների որակն ու դրանից օգտվողների քանակը: Վճարովի ծառայությունների քանակի ավելացումը նպատակ ունի խուսափել կոռուպցիոն հնարավոր ռիսկերից, ինչպես նաև բավարարել նշված ծառայությունների համար դիմող տնտեսվարող սուբյեկտների պահանջմունքները: Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարցին, նշել է, որ նման դեպքերում, որպեսզի կոռուպցիոն ռիսկերն ու միջավայրը նվազի, քաղաքացուն պետք է տալ ընտրության հնարավորություն: «Մենք ՊԵԿ-ում էլ ենք քննարկում, որ որոշակի ծառայություններ ՊԵԿ-ը վճարովի տրամադրի, քանի որ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ մի քանի բրոքերներ կարողանում են պայմանավորվել և շուկային թելադրել իրենց կանոնները: Պետությունը բիզնեսով չի զբաղվում, բայց պետությունն այլընտրանք է առաջարկելու, որպեսզի մեկ՝ ախորժակները զսպվի, երկրորդ՝ բրոքերների քանակը շատանա, որպեսզի մրցակցություն լինի և կոնսեսուսի գալու հնարավորությունը պակասի»,-ասել է վարչապետը:

Ներդրումային ծրագրի շրջանակում «Թայգր Գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ընկերության գործունեությունն իր մեջ ներառում է երկու հիմնական նախագծեր, որոնցից մեկը` տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիրն է՝ հագեցած նորագույն սարքավորումներով, իսկ մյուսը` Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոնը: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 11.4 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 3.4 մլրդ ՀՀ դրամը՝ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար: Արդյունքում կստեղծվի մոտ 280 աշխատատեղ: Անդրադառնալով արտոնությունների տրամադրմանը՝ վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք կարգավորվել է այդ գործընթացի հետ կապված մեխանիզմը՝ պարտավորությունների կատարման ընթացքը ժամանակին վերահսկելու համար: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վախթանգ Միրումյանը պատասխանել է, որ համապատասխան մեխանիզմը դրված է, ինչը հստակեցնելու անհրաժեշտություն ունի: «Պետք է դառնա ավտոպիլոտ ռեժիմ: Այսօր ինչ-որ մեկը պարտավորություն ունի և չի վճարել, ձեր և իրենց մոնիտորների վրա դա երևա»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ թույլատրվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանը կազմակերպել պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում:

Share