Տնտեսական | 10:44 21/03/17

ՏՄՊՊՀ. Էլեկտրոնային հարթակներով իրականացվող առևտուրը կանոնակարգման անհրաժեշտություն ունի

«Մրցակցության խնդիրները  բազմազան են և կարող են առնչվել ամենատարբեր ոլորտների,  սակայն ժամանակին համընթաց առաջ են գալիս նոր ոլորտներ, որտեղ կարգավորման անհրաժեշտություն է առաջանում»,- այս մասին ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է Քիշնևում կայացած ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների համատեղ նիստին.  «Խոսքը մասնավորապես վերաբերում է այսօր մեր Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում գտնվող էլեկտրոնային առևտրի ոլորտին: Ինչպես գիտեք, այն բավականին արդիական և արագ տեմպերով զարգացող դաշտ է: Սակայն զարգացմանը զուգընթաց առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք բացասաբար են անդրադառնում սպառողների շահերի վրա: Մեր կառույցը տասնյակ բողոքներ է ստացել այն մասին, որ օնլայն հարթակներով, այլ կերպ ասած ինտերնետային խանութների միջոցով կազմակերպվող առևտուրը հաճախ մոլորեցման տարրեր է պարունակում: Ներկայացվում է մի ապրանք, սակայն այն պատվիրելուց և ստանալուց հետո պարզվում է, որ թե արտաքին տեսքով և թե որակի առումով ապրանքի նախնական նկարագրության հետ որևէ առնչություն չունի»:  Ա. Շաբոյանը նշեց նաև, որ նման երևույթները բացասաբար են անդրադառնում ոչ միայն սպառողների շահերի վրա, այլ դրանք անհավասար պայմաններ են ստեղծում նաև բարեխիղճ պայմաններով աշխատող այլ տնտեսվարողների համար: ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարը նշել է, որ վերջինների շահերը պաշտպանելու և նման խնդիրները կանոնակարգելու նպատակով,  առաջիկա ամիսներին այս ոլորտը լինելու է ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում: