Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Գեղարքունիքում հողմակայանի կառուցման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝  34 ՄՎտ հողմակայանի կառուցում

Պահանջվող ներդրումներ՝ €42,200,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 11%

Գեղարքունիքի մարզում, Սևանի Սեմյոնովկա լեռնանցքում 34 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմակայանի կառուցման ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Նախագիծը կազմվել է՝ հիմք ընդունելով Ծովագյուղից 5 կմ հեռավորության և ծովի մակարդակից 2435 մ բարձրության վրա գտնվող տարածքում շուրջ մեկ տարվա կտրվածքով կատարված հողմահոսանքի արագության, ուղղության, շրջակա միջավայրի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման ու խոնավության չափումներն ու մոնիտորինգի արդյունքները: Ներդրումային նախագծով նախատեսվում է տեղակայել 17 հողմային տուրբիններ՝ յուրաքանչյուրը 2 ՄՎտ հզորությամբ: Ըստ հաշվարկների՝ հողմակայանը տարեկան կարտադրի շուրջ 71.8 ԳՎտժ էլեկտրաէներգիա:

Սևանի Սեմյոնովկա լեռնանցքում 34 ՄՎտ հողմակայանի կառուցման ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share