Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Մագնեզիումի արտադրության ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ մագնեզիումի արտադրություն

Պահանջվող ներդրումներ՝ $6,000,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 18%

Մագնեզիումի արտադրությունը ունի կարևոր նշանակություն մետալուրգիայի, լեռնամետալուրգիայի և էներգետիկայի ոլորտներում, սակայն գոյություն ունեցող արտադրության ավանդական եղանակները, լինելով խիստ էներգոտար, շատ դեպքերում արգելակում են այս կարևոր մետաղի կիրառման հնարավորությունները: Այս տեսակետից նոր և արդյունավետ եղանակների ներմուծումը մագնեզիումի արտադրության ոլորտ էական առաջընթաց կապահովի նշված բնագավառներում:

«Էկոատոմ» ընկերության մասնագետների կողմից առաջարկվող մագնեզիումի ստացման նոր՝ հիդրոմետալուրգիական տեխնոլոգիան արդյունք է երկար տարիների հետազոտական աշխատանքների, ինչը նաև ստացել է իր գործնական իրականացումը արտադրության փոքր տեղակայանքների տեսքով: Ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել գործարան, որը նախնական փուլում կարտադրի տարեկան մինչև 300 տոննա մագնեզիում: Հետագայում արտադրության ծավալները կարող են հասնել մինչև 1000 տոննայի: Ներդրումային նախագծի հեղինակները վստահ են, որ մագնեզիումի ստացման նորագույն տեխնոլոգիան թույլ կտա Հայաստանին ամուր դիրքեր նվաճել միջազգային շուկայում:

Մագնեզիումի արտադրության ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share