Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Վրաստանի գործընկերները պետք է տեղեկացված լինեն Սյունիքի ԱՏԳ հնարավորությունների մասին

Գործադիրն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներակայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահման ԻԻՀ հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար: Ազատ տնտեսական գոտին առավել արդյունավետ կգործի ԻԻՀ սահմանագծին՝ Սյունիքի մարզում, ինչը կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ նաև կնպաստի ՀՀ արտասահմանյան կապիտալի ներհոսքին, ՀՀ տարածքային զարգացման, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդման, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործման: ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի նպաստել ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության ձեռքբերումների առավել արդյունավետ օգտագործմանը՝ ի օգուտ երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման: Կարևորելով ազատ տնտեսական գուտու ստեղծումը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարել է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Վրաստանի գործընկերներին ուղարկել այդ տեղեկատվությունը հարթակի պատրաստ լինելու վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք պայմաններ տրամադրել տվյալ երկրների տնտեսվարողներին, որոնք շահագրգռված են համագործակցելու իրանական կողմի հետ»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: Վարչապետը հետաքրքրվել է նախարարից, թե որ փուլում է գտնվում իրանական կողմի հետ արտահանման ընկերության ձևավորման վերաբերյալ բանակցությունները: Ս.Կարայանը տեղեկացրել է, որ բանակցություններն ակտիվ ընթանում են և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը 10 օր առաջ այցելել է Իրան, որտեղ քննարկումներ են իրականացվել: Իրանական կողմը խոստացել է, որ մոտ ժամանակներս այդ կազմակերպության ձևավորման վերաբերյալ առաջարկություն կներկայացնի: Կարեն Կարապետյանը հորդորել է հետևողական լինել այդ հարցում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ դադարեցվել է «Ինստիգեյթ ռոբոտիքս» ՓԲԸ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը: Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարել է տեղեկանք պատրաստել ազատ տնտեսական գոտիների և այնտեղ գործունեություն ծավալող ընկերությունների գործունեության արդյունավետության վերաբերյալ:

Share