Բաժին. Տնտեսական

Մարկ Ցուկերբերգն աշխարհի միլիարդատերերի ցանկում 5-րդն է

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր 32-ամյա Մարկ Ցուկերբերգը Forbes պարբերականի՝ 2017 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 5-րդն է: Նրա կարողությունը գնահատվում է 56 մլրդ ԱՄՆ դոլար:

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին Ցուկերբերգի կարողությունը կազմել էր 44.6 մլրդ ԱՄՆ դոլար, 2015 թվականին՝ 35.3 մլրդ ԱՄՆ դոլար:

Ըստ Forbes-ի՝ Մարկ Ցուկերբերգը տեխնոլոգիական աշխարհի ամենահաջողակ և 3-րդ հարուստ մարդն է՝ Գիլ Գեյթսից և Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոնից հետո:

Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականին ԱՄՆ-ում, բժիշկների ընտանիքում։ Դեռևս ավագ դպրոցում նա ստեղծել է մի քանի համակարգչային ծրագրեր։ Ընդունվելով Հարվարդ՝ Մարկ Ցուկերբերգն առանձնացել է իր յուրահատուկ վարքով։ Օրինակ, ուսանողական տարիներին նա մերժել է Microsoft ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկը միայն այն պատճառով, որ հանդիպումը նշանակված է եղել առավոտյան ժամի։

2003 թվականին Մարկ Ցուկերբերգն իր համակուրսեցիների հետ սկսել է աշխատել ConnectU նախագծի վրա։ Այն նախատեսված էր ուսանողների համար։ Սակայն մի կողմ թողնելով այս նախագծի աշխատանքները և հենվելով նախագծի հիմնական գաղափարների վրա՝ Մարկ Ցուկերբերգը գրանցել է facebook.com-ը:

Սկզբնական շրջանում thefacebook.com-ը Հարվարդի ուսանողների համար էր և միայն ամիսներ անց այն ընդարձակվեց, իսկ արդեն 2006 թվականին հասանելի էր ողջ աշխարհում։

2010 թվականին Forbes ամսագիրը Մարկ Ցուկերբերգին ճանաչել է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում։

2010 թվականին Times ամսագրի կողմից Մարկ Ցուկերբերգը ճանաչվել է տարվա մարդ։

Share