Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ համակարգի վնասաբերությունն աճել է

ԱՊՊԱ համակարգում գրանցվում է վնասաբերության ցուցանիշի աճ, սակայն պետք է նշել, որ ցուցանիշը սահմանված վնասաբերության մակարդակից դեռևս ցածր է:

Ինչպես տեղեկանում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից՝  2017 թվականի մարտ ամսվա դրությամբ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է 66%, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 17 տոկոսային կետով:

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ համակարգի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս ապահովագրական ընկերությունների կողմից տրված փոխհատուցումների բաժինը հավաքագրված ապահովագրական ընդհանուր վճարների հանրագումարում:

ԱՊՊԱ-ի սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասհանումների համար:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ մարտի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 453 հազար 617, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 2 հազար 555-ով:

Միևնույն ժամանակ, մարտ ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1.1 մլրդ դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 270 մլն դրամով:

Հաշվետու ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 5 հազար 706, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 663-ով։

Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2017 թվականի մարտ ամսվա դրությամբ կազմել է 173 հազար 242 ՀՀ դրամ:

Share