Բաժին. Տնտեսական

Սևանա լճում նախատեսվում է տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշում: Ծրագրի շրջանակում ավարտվել են մանրաձկան արտադրություն գործարանի շինարարական աշխատանքները և այն հանձնվել է շահագործման, Սևանա լճում տեղակայվել է առաջին ցանցավանդակային տնտեսությունը: Ծրագրով նախատեսվում է ընթացիկ տարում Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն: Գործընթացի արժեշղթայի ամբողջականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև կառուցել բացօդյա ավազաններ, ինչպես նաև ձկան բազմացման կայան (սելեկցիոն տնտեսություն): Ապրանքային ձկան արտադրությունն իրականացվելու է լճում տեղակայված տնտեսություններում, հետևաբար այդ գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապատասխան ջրային փոխադրամիջոցներ՝ սպասարկման, այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար: Արդյունքում կստեղծվեն Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված ձկան արտադրության արժեշղթայի օղակներ: Գործունեության արդյունավետ կազմակերպման արդյունքում ձևավորված միջոցները կուղղվեն Սևանա լճի հիմնախնդիրները լուծմանը, և կնպաստեն իշխանի պաշարների վերականգնմանը:

Share