Բաժին. Տնտեսական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Երեք ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.6%-ով

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.6%-ով: Այս մասին հաղորդում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-մարտին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16.1%-ով, առևտրի շրջանառությունը՝ 11.3%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 10%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է1.5%-ով, շինարարության ոլորտում արձանագրվել է անկում՝ շուրջ 14%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 361.81 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 489.20 մլրդ ՀՀ դրամ,  ծառայությունների ծավալը՝  301.94 մլրդ ՀՀ դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 69.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 35.77 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 99.7%:

Share