Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական ներդրումային նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցում

Պահանջվող ներդրումներ՝  $ 60,000,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 19%

Հաղթանակի զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել 21-րդ դարին համահունչ ոճային և թեմատիկ հարուստ լուծումներով վայր՝ ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար, որտեղ միաձուլված են լինելու հանգստի, ժամանցի և զվարճանքի տարրեր: Վերակառուցման և արդիականացման ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի պատմությանը, ավանդույթներին և առասպելներին առնչվող բաղադրիչներին:  

Ներդրումային ծրագրով նախատեսվում է այգում կառուցել հասարակական և վճարովի գոտիներ: Վճարովի գոտում ստեղծվելու են ամֆիթատրոն, ժամանակակից մանկական խաղահրապարակներ, ատրակցիոններ, կախարդական այգի և զվարճանքի յուրահատուկ կառույցներ: Հասարակական գոտում նախատեսվում է իրականացնել տարածքի կանաչապատում, այգիների և ճեմուղիների արդիականացում: Այգու ենթակառուցվածքները կնախատեսվեն այնպես, որ հնարավոր լինի շահագործել տարվա բոլոր եղանակներին:

Հաղթանակի զբոսայգու տարբերակող առանձնահատկություններից է լինելու նաև 21-րդ դարի ինտերակտիվ ուսումնական բաղադրիչների կիրառությունը: Արդյունքում, այգու բոլոր այցելուները հնարավորություն կունենան օգտվելու տեղեկատվական համակարգերից:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ:  

Նախատեսվում է, որ շինարարությունը կտևի շուրջ 3 տարի:

Հաղթանակի զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share