Տնտեսական | 16:49 26/04/17

ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բոլիվիայում բացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցչական գրասենյակներ

ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև փետրվարի 24-ին ստորագրված «ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրի ուղղությամբ արդեն իսկ գրանցվել է զգալի առաջընթաց:

ASTC (Armenian Science & Technology Center) ծրագրի շրջանակներում 4 երկրներում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բոլիվիայում, բացվել են ներկայացուցչական գրասենյակներ:

Մայիսի 21-28-ը Հայաստան կժամանի առաջին պաշտոնական պատվիրակությունը Բոլիվիայից: Պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան հայաստանյան գործընկերների հետ` հուշագրեր ստորագրելու նպատակով:

Հանդիպումներ տեղի կունենան նաև TSD ընկերության հետ` հայկական հեռախոսների ու պլանշետների ներմուծման վերաբերյալ և ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հետ`ապրանքատեսականու ներմուծմանն առնչվող պայմանագրեր ստորագրելու, համագործակցության նոր նախաձեռնություններ քննարկելու համար:

Մեկ ամսից ավելի է՝ TSD ընկերությունը ASTC ծրագիրը կազմակերպելու համար հավաքագրում է կամավորների` ապագա աշխատակիցների: Վերջիններս շաբաթական մի քանի անգամ մասնակցում են վերապատրաստման դասընթացների:  Արդեն կազմավորված է երեսուն մասնագետներից բաղկացած երկու խումբ, որոնցից կընտրվեն համապատասխան մասնագետներ: Նրանք կաշխատեն Հայաստանում և արտերկրում:

ASTC  ծրագիրը, որն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ, նախատեսվում է ներդնել ընդհանուր առմամբ 17 երկրում: