Տնտեսական | 21:09 03/05/17

Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 3512 դոլար

2016 թվականի արդյունքներով մեր երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կազմել է 3 հազար 512 ԱՄՆ դոլար (3 հազար 164 եվրո կամ 1 մլն 678 հազար 637 ՀՀ դրամ):  Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու տարում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 5 տրլն 43 մլրդ 633.2 մլն ՀՀ դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվանին ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել էր 3515.0 ԱՄՆ դոլար, 2014 թվականին՝ 3864.0 ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝ 3680.0 ԱՄՆ դոլար: 2010-2012 թվականներին ցուցանիշը գրանցել էր շարունակական աճ:

Ճգնաժամային 2009 թվականին ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել էր 2821.0 ԱՄՆ դոլար, «նախաճգնաժամային» 2008 թվականին՝ 3778.0 ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ «Հայաստանի Հանրապետության 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է, որ 2025 թվականին, 2011 թվականի համեմատ, մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե կեռապատկվի` կազմելով շուրջ 10000 ԱՄՆ դոլար: