Բաժին. Տնտեսական

Հայաստանը շուրջ 2 անգամ մեծացրել է ադամանդների արտադրությունը

Ադամանդագործության ոլորտը շարունակում է գրանցել աճ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին մեր երկրում արտադրվել է 49 հազար 494 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 2 անգամ:

Նշենք, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել է ավելի քան 113 հազար կարատ ադամանդ:  2015 թվականին ցուցանիշը կազմել էր 81 հազար 346 կարատ ադամանդ, 2014 թվականին՝ 59 հազար 712 կարատ ադամանդ, իսկ 2013 թվականին՝ 94 հազար կարատ ադամանդ:

Հիշեցնենք, որ մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում համարվել է ադամանդի վերամշակման կենտրոններից մեկը: 1973 թվականին «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվել է առաջին վերամշակման արտադրամասը, իսկ 1976 թվականին հիմնվել էր «Շողակն» գործարանը՝ տարեկան 140 հազար կարատ վերամշակման հզորությամբ:

Հանրապետության ադամանդների մշակման բնագավառի հաջող տարիներ են համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք (2003 թվական): Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գործել են ադամանդի մշակման մինչև 25 ընկերություններ:

Share