Բաժին. Տնտեսական

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ADC-ի ակտիվները ձեռք է բերել բաց աճուրդին մասնակցելու միջոցով

Այսօր՝ մայիսի 12-ին, Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) հայտարարեց ADC ընկերության («Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ) ակտիվները ձեռք բերելու մասին: Գործընթացը կայացել է՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցկացված բաց աճուրդին մասնակցելու միջոցով:

«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող, ինչպես նաև երրորդ անձ հանդիսացող «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի կողմից որպես «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդի անցկացման մասին հայտարարության համաձայն՝ հայտեր չլինելու պատճատով 3 անգամ նախատեսված գործընթացը չի կայացել: Վերջնական կրկնաճուրդը անց է կացվել 2017թ. ապրիլի 27-ին:

Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքները 20 տոկոսով նվազեցվել են նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներից:

Մասնավորապես, «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող, 7234 անվանում շարժական գույքի /հիմնական միջոցներ և պաշարներ/ ընդհանուր մեկնարկային արժեքը կազմել է 383.145.984 ՀՀ դրամ (7212 անվանում, 366.474.944 դրամ ընդհանուր արժեքով գույքը գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում):

Միևնույն ժամանակ, երրորդ անձ հանդիսացող «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ՍՊԸ-ին պատկանող, որպես «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված, 296 անվանում շարժական գույքի ընդհանուր մեկնարկային արժեքը կազմել է 19.917.056 ՀՀ դրամ:

Առանձին լոտերով աճուրդին ներկայացվել է նաև այլ գույք:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ ակտիվների ձեռքբերման գործընթացն ավարտելուց հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ը էապես կընդլայնի տրամադրվող ծառայությունների շրջանակը և կապահովի որակի շարունակական բարելավում: Մինչ այդ, ADC ընկերության գործող բաժանորդներին կառաջարկվի շարունակել օգտվել տրամադրվող ծառայություններից ներկայումս գործող նույն պայմաններով, ինչպես նաև կապահովվի ծառայությունների մատուցման անընդհատությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ԲԻԶՆԵՍ 24»-ին տված հարցազրույցում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել էր, որ ընկերությունը քննարկում է ֆիքսված կապի շուկա մուտք գործելու հնարավորությունները, և չի բացառվում, որ այս ոլորտը դառնալ ընկերության բիզնես ռազմավարության մի մասը:

Share