Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայան. կատարահայ գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներով

Կատարահայ գործարարները պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն ցանկանում են ավելի մանրամասն ծանոթանալ բիզնես ոլորտում երկրի օրենսդրությանն ու հնարավորություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում կատարահայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպեց և վերջիններիս Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Կատարահայ գործարար Արսեն Հալաջյանն արդեն շուրջ հիսուն տարի է բնակվում են Կատարում, ունի իր անձնական ընկերությունը, որը զբաղվում է զանազան ապրանքանշանների, բրենդների ինչպես դիզայնով, այնպես էլ ցուցանակների պատրաստմամբ: «Առիթ է ստեղծվել, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մեզ ավելի մանրամասն ներկայացնեն երկրի օրենքները: Եթե ունեն քայլերի ցանկ, որն անհրաժեշտ է գործարարին Հայաստանում բիզնես սկսելու համար, դա շատ լավ կլինի, որպեսզի իմանանք, թե որտեղից պետք է սկսել, որտեղ վերջացնել»,- նշում է Հալաջյանը:

Նրա խոսքով` իրենց մոտ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն միշտ կա: «Այնպես չէ, որ հենց հիմա նոր է առաջացել այդ ցանկությունը, սակայն պետք է իմանանք, թե ինչ պայմաններ կան օրինակ այն անձանց համար, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն և այն սփյուռքահայերի համար, ովքեր` չունեն: Մենք իհարկե, ավելի լավ ծանոթ ենք Ծոցի երկրներում պայմանների հետ, սակայն պետք է իմանանք նաև Հայաստանի վերաբերյալ: Եթե կառավարությունն ունի կոնկրետ կետերով կազմված նման ծրագիր և կարող է դեսպանատան միջոցով բաժանել սփյուռքում, ապա կկարողանանք նստել, հասկանալ, պատկերացնել այն դրամագլուխը, որ անհրաժեշտ է գործ սկսելու համար»,- ընդգծեց կատարահայ գործարարը:

Արսեն Հալաջյանը, խոսելով իր արհեստի և գործունեության մասին, նշեց, որ ամեն ինչ տեղում է պատրաստվում և տեխնոլոգիան իրենք ունեն, որն էլ շարունակաբար թարմացնում են: Նա ցանկություն հայտնեց այդ նույն գործունեությունը ծավալել նաև Հայաստանում: Ըստ գործարարի` այս ոլորտում նույնիսկ ամենափոքր գործունեությունը կապահովի շուրջ 50 մարդու աշխատանքով:

Կատարահայ մեկ այլ գործարար` Վահե Թութունջյանն էլ, կնոջ` Գոհարի հետ զբաղվում է նախագծերի դիզայնով և շինարարությամբ: Այս ոլորտում գործունեություն են ծավալում Կատար տեղափոխվելուց ի վեր դեռևս 1977թ-ից: Նրանք կնոջ հետ արդեն իսկ հասցրել են Հայաստանում հիմնել Ճարտարապետների և ճարտարագետների ասոցիացիա և դառնալ դրա համանախագահները: Ասոցիացիան Հայաստանում գրանցված է որպես հասարակական կազմակերպություն:

«Տեղացի ժողովուրդը շատ հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելով, սակայն չգիտեն օրենքները, չգիտեն թե ինչպես պետք է անեն այդ քայլերը, ուստի շատ կարևոր է, որ ուղղություններ տրվեն նաև օտարներին: Դրանք պետք է լինեն հստակ և բիզնեսի համար անկեղծ հիմքի վրա»,- նշում է Թութունջյանը: Նրա խոսքով` հետաքրքրություն կա Հայաստանում մոլեր ու բնակելի տարածքներ կառուցելու ուղղությամբ: «Շինարարությունն այնպիսի ոլորտ է, որ կարևորը շահն է: Եթե օտարը տեսնի, որ իսկապես կարող է շահ ապահովել և 5 կամ 15 տարուց կարող է իր փողը վերադարձնել, ապա վստահությունն էլ կավելանա այդ երկրի նկատմամբ և տվյալ անձը կարող է ներգրավել նաև իր ընկերներին և այսպես շարունակ»,- ամփոփեց Վահե Թութունջյանը:

Կատարում ապրում է շուրջ 600 հայ, որոնք հիմնականում բնակ­վում են Դոհայում: Համայնքի թիվը փոփոխական է, կապված աշխատուժի մշտական տեղաշարժերի հետ: Կատարում հայ մասնա­գետները հիմնականում ներգրավված են առողջապահության, սպորտի և այլ բնագավառներում: Ներկայումս Կատարում աշխատում են հայաստանցի մոտ հինգ տասնյակի հասնող մասնագետներ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել նաև կատարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Share