Բաժին. Տնտեսական

Նադա Թավիլ. «Բիզնեսը չի կարող ապահովել կայուն աճ, եթե չի նպաստում իր շրջապատի զարգացմանը»

Մայիսի 19-ից 21-ը Երևանում տեղի կունենա 4-րդ ամենամյա PR գագաթաժողովը, որը հաղորդակցության մասնագետների առաջատար հարթակ է գիտելիքի փոխանցման և գործնական կապերի հաստատման համար:

Այս տարի գագաթաժողովը հյուրընկալելու է հայ և օտարերկրյա փորձառու խոսնակների ԱՄՆ-ից, Լիբանանից, Ռուսաստանից և Լեհաստանից: Գագաթաժողովի խոսնակները ներկայացնում են միջազգային Ketchum գործակալությունը, Օկլահոմայի համալսարանի լրագրության և դոկտորական ծրագրերի լրագրության և զանգվածային հաղորդակցության Գեյլորդ քոլեջը, Byblos Bank-ը և այլ առաջատար կառույցներ:

Խոսնաները գործնական սեմինարների և քննարկումների ընթացքում կներկայացնեն հաղորդակցության ոլորտի նորագույն միտումները և կխոսեն թվային հաղորդակցության առանձնահատկությունների, PR-ի չափման մեխանիզմների, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և այլ կարևոր թեմաների շուրջ:

Գագաթնաժողովին ընդառաջ՝ «Բիզնես 24»-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորության և միտումների մասին խոսել է արտերկրից հրավիրված խոսնակներից մեկի՝ Նադա Թավիլի հետ, ով Byblos Bank-ի հաղորդակցության բաժնի ղեկավարն է (Head of the Group Communication Department at Byblos Bank, operating out of its Headquarters in Beirut), ինչպես նաև Լիբանանի բանկերի ասոցիացիայի հաղորդակցության կոմիտեի նախագահը: Տիկին Թավիլը հաղորդակցության և բրենդինգի ոլորտում ավելի քան քսան տարվա փորձ ունի:

– Տիկին Թավիլ, ինչո՞ւ է ընկերությունների համար կարևոր մտածել սոցիալական պատասխանատվության մասին:

– Բիզնեսը, ցանկացած բիզնես չի կարող ապահովել կայուն աճ, եթե չի նպաստում իր շրջապատի զարգացմանը. սա է միակ կենսունակ, առողջ ցիկլը: Այն, ինչ մենք այսօր անվանում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ), դրական գործողությունների շարք է՝ուղղված շրջապատի զարգացմանը: Հետևաբար, ընկերությունները պետք է մտածեն իրենց ԿՍՊ-ի մասին, քանի որ դա երաշխավորում է բիզնեսի շարունակականությունը, նաև՝ ոլորտի շարունակականությունը, որտեղ տվյալ ընկերությունները գործունեություն են ծավալում: Byblos Bank-ի ստեղծման օրվանից ԿՍՊ-ն եղել է մեր բանկի ԴՆԹ-ի կազմում՝ գլխավորապես պայմանավորված բանկի այն ամուր համոզմամբ, որ երբ նպաստում ես հասարակության և մարդկանց զարգացմանը, դա օգնում է պահպանել և պաշտպանել տնտեսական ցիկլը: Վերջին  60 տարվա ընթացքում այս դինամիկան բավականին մեծ դեր է խաղացել Byblos Bank-ի զարգացման և ընդլայնման հարցում: Դա արտացոլվում է Byblos Bank-ի դրական պատկերով ու վարկանիշով այն համայնքներում, որոնց սպասարկում է բանկը: Իսկապես, ԿՍՊ մասով բանկի ռազմավարությունը և սկզբունքը հիմնված են սեփական կապիտալի մարդկայնացնելու վրա, ինչը ևս ավելացրել է աշխատակիցների ներգրավվածությունը, ինչպես նաև մեծացրել աշխատակազմի հավաքագրումն ու պահպանումը: Ավելին, բանկի ԿՍՊ ծրագրերը ապահովել են լայն լուսաբանում, ինչն օգնել է գրավել և պահպանել ավելի շատ նեդրողների՝ հաստատելով արդյունավետ համագործակցություն երկու ոլորտների հետ՝ հանրային և մասնավոր:

– Որո՞նք են ֆինանսական ոլորտում ԿՍՊ ծրագրերի իրականացման գլոբալ միտումները:

– Այսօրվա ֆինանսական ոլորտում շատ կարևոր է մշակել հստակ ԿՍՊ ռազմավարություն, քանի որ ֆինանսական կառույցի ԿՍՊ ծրագրի հաջողությունը կախված է այդ առանցքային գործոնից: Սա նշանակում է ունենալ քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք միավորում են սոցիալական, բնապահպանական, էթիկայի, մարդու իրավունքների կամ սպառողական մտահոգությունները բիզնեսի հիմնական ռազմավարության, գործառնությունների, ապրանքների և ծառայությունների մեջ, ներառյալ նաև՝ հաճախորդների սպասարկումը, և այս բոլորը շահառու կողմերի հետ սերտ համագործակցությամբ: Միևնույն ժամանակ, երբ այժմ ֆինանսական ոլորտում կարելի է սպասել ԿՍՊ գործողությունների վերաբերյալ մանրամասն հաշվետվությունների, շատ կառույցներ և երկրներ, ինչպես օրինակ, Եվրոպական Միությունը, Հնդկաստանը և Չինաստանը մեկ քայլ առաջ են անցել այս ուղղությամբ և ԿՍՊ մասով հաշվետվությունները դարձնել պարտադիր:

Բացի այդ, վերջերս ՄԱԿ-ի կողմից Կայուն զարգացման նապատակների հաստատումը, որը միտված է աղքատության կրճատմանը, մոլորակի պաշտպանմանը և բոլորի համար բարեկեցության ապահովմանը, նոր լույս է սփռել երկարաժամկետ և կենտրոնացված ԿՍՊ նպատակների արդյունավետության վրա: Ես ակնկալում եմ անցում կարճաժամկետ, մասնատված ռազմավարություններից դեպի ավելի համակողմանի ջանքերի, ինչպես, օրինակ՝ «Կորպորատիվ ներդրումային ծրագրերը» (Corporate Signature Programs): Այս ծրագրերը պահանջում են էական և շարունակական նվիրվածություն կոնտրետ դեպքին կամ խնդրին: Այսօր ֆինանսական ոլորտն առավել մտահոգված է միջազգային նախաձեռնություններով, ինչպես Ֆինանսական Ներգրավվածության Միությունն է, որի նպատակն է մեկուսացված բնակչությանը ներառել ֆինանսական համակարգի մեջ: Այս համատեքստում, Byblos Bank-ն առաջինը Լիբանանում գործարկել է լիարժեք ֆիանսական գրագիտության ծրագիրը՝ առաջարկելով բարձրացնել ֆինանսական իրազեկվածության մակարդակը Լիբանանի բնակչության շրջանում: Այս երկարաժամկետ նպատակը շարունակում է պահպանել մեր հաճախորդների և սպասարկվող համայնքների նկատմամբ այն հավատարմությունը, որը ձևավորվել է տասնամյակներ առաջ և ենթադրում է նվիրվածություն մեր ուժեղ կորպորատիվ արժեքներին և բիզնես էթրիկայի բարձր չափանիշներին:

– Որո՞նք են ֆինանսական կառույցների կողմից կորպորատիվ հեղինակության և համբավի կարևորության ընկալման հիմնական տարբերությունները զարգացած և զարգացող երկրներում:

– Զարգացած երկրներում կորպորատիվ հեղինակությունը հաջողության կամ ձախողման գործոն է: Այն կարող է ոչնչացնել կամ պահպանել բիզնեսը, ինչով և պայմանավորված կորպորատիվ հեղինակությունը չափազանց կարևոր է, և հատկապես գլոբալ բիզնեսների համար: Իրականում, ընկերությունները, որոնք ունեն միջազգային և տարածաշրջանային ներկայություն, պետք է անեն հնարավոր ամեն բան՝ իրենց կորպորատիվ հեղինակությունը պահպանելու համար, որովհետև ցանկացած անհաջողություն կարող է ունենալ դոմինոյի արդյունք և ազդել արտերկրում ունեցած հեղինակության վրա: Զարգացող երկրներում ԿՍՊ-ն թույլ է տալիս ընկերությանը ձեռք բերել համակրանք՝ հեղինակության առումով, սակայն այլ գործոնները ևս կարող են լինել հավասարապես կարևոր: Երկու դեպքում էլ, ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում, եթե կա ԿՍՊ քաղաքականություն, այն պետք է լինի կոնկրետ տվյալ բիզնեսի համար, արմատավորված վերջինիս գործելակերպի մեջ: Ընդհանրացնելով՝ ընկերությունը չի կարող կեղծել իր ԿՍՊ-ն, երբ դա կարևոր է հեղինակությունը ստեղծելու, համայնքին ետ վերադարձնելու և կայուն աճ ապահովելու համար:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղությամբ է շարժվում ԿՍՊ-ը: Առաջիկա տարիներին ի՞նչն է լինելու առաջնային:

– ԿՍՊ-ն արագորեն զարգանում է, և ես ակնկալում եմ, որ առաջիկա տարիներին տվյալներն առավել մեծ դեր կխաղան ԿՍՊ-ի մեջ: Իրապես, այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է, օրինակ, ՄԱԿ-ի Գլոբալ Զարկերակն, արդեն ուսումնասիրում են նորարարական միջոցներ՝ մասնավոր հատվածից տվյալների պատասխանատու հավաքագրման համար՝ ի օգուտ մարդկության: Կորպորացիաների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների միջև ռազմավարական գործընկերության և ստույգ համագործակցության շնորհիվ առաջիկա տարիներին «բարեգործական» մեծ տվյալները կսկսեն աճել: Այսօր արդեն մարքեթինգի նպատակների համար սոցիալական մեդիայի առավելություններն այլևս մեծ գաղտնիք չեն շատ կորպորացիաների համար: Ես ակնկալում եմ, որ առաջիկա տարիներին աճող թվով բիզնեսներ կօգտագործեն սոցիալական մեդիան իրենց կայունության գործողությունների մասին տեղեկացնելու համար: Նպատակների իրազեկման համար սոցիալական մեդիայի գլոբալ հասանելիության և արդյունավետության շնոհիվ առաջիկա տարիներին մենք կտեսնենք նաև զգալի աճ սոցիալական մեդիայի կայունության հաշվետվության տեսանկյունից:

Share