Տնտեսական | 18:36 18/05/17

Կարեն Կարապետյան. եթե գույքն աշխատեցնեն, ապա պրոգրեսիվ գույքահարկ չի կիրառվելու, հակառակ դեպքում՝ կիրառվելու է

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև հանրապետությունում, այդ թվում՝ Սևանա լճին հարակից տարածքներում և Երևանի կենտրոնում գտնվող պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ողջ տարածքում առկա է մեծ քանակությամբ պարապուրդի մատված գույք, չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն բավականին լուրջ ներուժ՝ հավելյալ արժեք ստեղծելու համար: Կարեն Կարապետյանը, դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին, հետաքրքրվել է, թե ինչ փուլում է այդ գույքի հաշվառումն ու ուսումնասիրությունը: Վարդան Արամյանը որոշ մանրամասներ է ներկայացրել տարվող այդ ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ և նշել, որ ավելի ամբողջական տեղեկատվությունը կներկայացվի առաջիկայում:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ընդգծել է, որ աշխատող բիզնեսը լրացուցիչ բեռ չպետք է ստանա, իսկ այն բիզնեսի նկատմամբ, որը չի աշխատում, պետք է կիրառել պրոգրեսիվ գույքահարկ: «Աշխատող բիզնեսի մոտ պրոգրեսիվ գույքահարկը ջնջվում է, լրացուցիչ բեռ չի առաջանում, մյուսի մոտ առաջանում է: Ինչ վերաբերում է Երևանի կենտրոնին, ապա Երևանի քաղաքապետարանը պետք է որոշի և կարծում եմ տրամաբանական ժամկետ սահմանի՝ նշելով, որ եթե գույքն աշխատեցնեն, ապա պրոգրեսիվ գույքահարկ չի կիրառվելու, հակառակ դեպքում՝ կիրառվելու է: Դա պետք է լինի կանխատեսելի և այնպես չստացվի, թե մենք բիզնեսի համար պայմանը փոխում ենք՝ առանց իրեն զգուշացնելու»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ. «Ամեն ինչով սատարելու ենք, որպեսզի Երևանը դառնա ավելի լավը»: