Տնտեսական | 23:41 18/05/17

Աշխարհի ամենահարուստ հայուհին՝ Forbes պարբերականի շապիկին

Ամերիկյան Forbes պարբերականը հայտարարել է, որ իր հունիսյան համարի շապիկին կլինի Alex & Ani  ոսկերչական զարդերի բրենդի հիմնադիր, ամերիկահայ գործարար Կարոլին Ռաֆայելյանը:

Alex & Ani բրենդը համարվում է զարդերի համաշխարհային շուկայում ամենահայտնիներից մեկը: Forbes-ի փոխանցմամբ՝ Կարոլին Ռաֆայելյանը տարեկան աշխատում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլար: Եկամուտների 80%-ը կազմում են բացառիկ ապարանջանները, որոնց դիզայնը մշակել է Ռաֆայելյանը:

Forbes-ի կանխատեսմամբ`մինչև 2020 թվականը Alex & Ani բրենդը կարող է գրավել ոսկերչական զարգերի համաշխարհային շուկան՝ լուրջ մրցակցություն ստեղծելով Pandora հայտնի բրենդին:

Forbes պարբերականը Կարոլին Ռաֆայելյանին ընդգրկել է ինքնուրույն հարստացած կանանց վարկանիշում: Նա զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: Forbes-ը Ռաֆայելյանի կարողությունը գնահատում է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար, և նա աշխարհի ամենահարուստ հայուհին է:

Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966 թվականին ԱՄՆ-ում, Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի ընտանիքում: Նրա հայրը ԱՄՆ-ում հիմնել է ոսկերչական ընկերություն ու երկար տարիներ հաջողությամբ զարգացրել բիզնեսը: Քոլեջն ավարտելուց հետո Կարոլինը սկսում է լրջորեն զբաղվել հոր բիզնեսի զարգացմամբ և քրոջ՝ Ռեբեկայի հետ մշակում նոր զարդեր: 2004 թվականին նա որոշում է ստեղծել սեփական ոսկերչական ընկերությունը և այն անվանում իր աղջիկների անուններով՝ Alex & Ani:

Արդեն 2012 թվականին Alex & Ani ընկերությունը գրանցել էր մեծ հաջողություններ, և ամերիկյան խոշորագույն խորհրդատվական Ernst & Young ընկերությունը Ռաֆայելյանին անվանեց տարվա գործարար՝ փոքր բիզնեսի ոլորտում: Հետագա տարիներին ընկերությունը զարգացավ և ընդլայնեց իր գործունեությունը: