Բաժին. Տնտեսական

ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Ի՞նչ է ավելացված արժեքի հարկը

«Բիզնես 24»-ը մեկնարկել է տեղեկատվական հոդվածների շարք՝ մեր երկրում գործող հարկերի և հարկային վարչարարության մասին: Յուրաքանչուր հոդվածում ներկայացվում են հարկային համակարգի սկզբունքները, հարկատեսակները և հարկերի կիրառման շրջանակները: Աղբյուրը՝ ՀՀ Հարկային Ծառայություն: 

Ի՞նչ է ավելացված արժեքի հարկը

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ-ն) անուղղակի հարկ է, որը գանձվում է ապրանքների ներմուծման դեպքում, մատակարարի կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց և վերականգնվում է գնորդի կողմից առևտրային շղթայի յուրաքանչյուր էտապում մինչև վերջնական սպառողը:

Ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված և դրանց ձեռք բերման դիմաց մատակարարներին (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին) վճարած ԱԱՀ-ի գումարների տարբերությունը փոխանցվում է պետական բյուջե սահմանված ժամկետում:

Ովքե՞ր են համարվում ԱԱՀ վճարողներ

Ցանկացած անձ (անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ և այլն), որն իրականացնում է տնտեսական գործունեություն, և որի կողմից նախորդ օրացուցային տարում  իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է 58.35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) համարվում է ԱԱՀ վճարող:

Անձը ընթացիկ տարում համարվում է ԱԱՀ վճարող, եթե ընթացիկ տարում  որևէ պահի դրությամբ իրականացրած գործարքների հարկվող  շրջանառությունը գերազանցում է ԱԱՀ-ի շեմը: Այս դեպքում ԱԱՀ-ով հաշվարկվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցած մասի համար:

Գոյություն ունեն մի շարք բացառություններ, որոնց առկայության դեպքում անձը չի կարող օգտվել ԱԱՀ-ի շեմից և անկախ իրականացրած գործարքների հարկվող շրջանառության մեծությունից համարվում է ԱԱՀ վճարող: Այդ բացառությունները սահմանված են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես, եթե անձը`

– իրականացնում է լիցենզավորման ենթակա գործունեություն, որի համար տարեկան տուրքը սահմանված է 100 հազար դրամ և ավելի

– համարվում է ենթակցիզային ապրանքներ արտադրող կամ ներմուծող

– համարվում է մեկ այլ աձի հիմնադիր կամ կանոնադրական կապիտալում փայամասնակցության չափը գերազանցում է օրենքով սահմանված չափը

– նախորդ տարում եկամուտների 80%-ից ավելին ստացել է մեկ անձից,

– վաճառվող ապրանքների 80% և ավելին ձեռք է բերել մեկ անձից:

Ֆիզիկական անձինք համարվում են ավելացված արժեքի հարկ վճարող, եթե իրականացնում  են օրենքին համաձայն ապրանաների մատակարարում համարվող գործարքներ: Ֆիզիկական անձի իրականացված օրենքով սահմանված դեպքերում գործարքների մասով ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում:

Եթե անձը կարող է օգտվել ԱԱՀ-ի շեմից, սական ցանկանում են համարվել ԱԱՀ վճարող, ապա նա կարող է հարկային մարմին ներկայացնի ԱԱՀ վճարող համարվելու մասին օրենքով նախատեսված հայտարարությունը  և համարվել ԱԱՀ վճարող:

Ո՞ր գործարքներն են հարկվում ավելացված արժեքի հարկով

ԱԱՀ-ով հարկվող գործարքներն են.

– ապրանքների մատակարարումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ իրականացված),

– ծառայությունների մատուցումը(այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ իրականացված),

– ապրանքների ներմուծումը:

Ֆիզիկական անձանց համար ապրանքների մատակարարում  է համարվում հետևյալ գործարքները`

– հասարակական և արտադրական նշանակության շենք-շինությունների,  հողերի օտարումը

– մեկ օրացուցային տորում նույն տեսակի գույքի երկրորդ և ավելի անգամ  օտարումը, եթե երկրորդ և ավելի անգամ օտարվող գույքը ձեռք է բերվել մեկ տարվա ընթացքում:

Ապրանքների ներմուծման դեպքերի համար սահմանվել է առանձնահատուկ կարգ ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի գանձման համար: Օրենքով Արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի որոշ ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀճի գանձման պահը հետաձգվում է մեկ, երկու կամ երեք տարով: Այդ ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում պետք է վճարվի ԱԱՀ:

Ո՞ր գործարքները չեն հարկվում ավելացված արժեքի հարկով

Ավելացված արժեքի հարկով չեն հարկվում

– ֆիզիկական անձանց անձնական գույքի և բնակելի շինության օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, որոնք չեն համարվում ապրանքների մատակարարում,

– կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքները, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը 0 տոկոս է և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման,

– ցանկացած ապրանքներ կամ ծառայություններ, որոնք ազատ կերպով մատակարարվում են որպես երաշխիքի կամ երաշխիքային համաձայնագրի մաս,

– ապրանքների կամ ծառայությունների անհատույց մատակարարում, եթե դա կատարվում է ՀՀ կառավարության որոշումների հիման վրա կամ հասարակական (այդ թվում բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից օրինական ձևով,

– այն ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը, որոնք ազատված են ԱԱՀ-ից (տես ստորև):

Ինչպե՞ս է որոշվում հարկվող շրջանառությունը

Գործարքների հարկվող շրջանառությունը, որպես կանոն, հանդիսանում է ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվող հատուցումը, իսկ ապրանքների ներմուծման դեպքում` դրանց մաքսային արժեքը:  Ապրանքների ներմուծման համար մաքսատուրք սահմանված լինելու դեպքում, հարկվող շրջանառության մեջ ներառում է մաքսատուրքը և իսկ ակցիզային հարկով հարկվող ապրանքների պարագայում` նաև ակցիզային հարկը:

Հարկային պետական ծառայությունն իրավունք ունի վերանայել հարկվող շրջանառության չափը և կիրառել, եթե գտնում է, որ հարկվող շրջանառության արժեքը որոշակի պատճառներով նվազեցվել է:

Որո՞նք են ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը

Օրենքով սահմանված է ԱԱՀ-ի երկու դրույքաչափ`

– 20% (եթե հարկի գումարը ներառված է ապրանքի կամ ծառայության գնի մեջ, ապա ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքների և ծառայությունների ամբողջ արժեքի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով),

– 0%, այսինքն` զրոյական դրույքաչափ (այս դրույքաչափը սովորաբար կիրառվում է ապրանքների կամ ծառայությունների արտահանման դեպքում, ինչպես նաև այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք ձեռք են բերվում Հայաստանում դիվանագիտական և նրանց հավասարեցված կազմակերպությունների կողմից պաշտոնական օգտագործման համար):

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱԱՀ-ի գումարը

ԱԱՀ-ն «սպառման» հարկ է, քանի որ վերջին հաշվով այն վճարում է վերջնական սպառողը: ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքների վաճառքի կամ ծառայության մատուցման յուրաքանչյուր գործարքից, որից հաշվանցվում է այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած ԱԱՀ-ի գումարը:

Այդ հաշվարկը հետևյալն է.

հաշվետու ժամանակաշրջանում (դա կարող է լինել ամիսը կամ եռամսյակը) ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման բոլոր գործարքներից հաշվարկվում է ամբողջ ԱԱՀ-ն (1)

հաշվետու ժամանակաշրջանում (դա կարող է լինել ամիսը կամ եռամսյակը) հաշվարկվում է ապրանքների կամ ծառայությունների ձեռք բերման բոլոր գործարքների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ամբողջ ԱԱՀ-ն (2)

(1)-ից հանվում է (2)-ը

Արդյունքում ստացվում է  ԱԱՀ-ի այն գումարը, որը պետք է վճարել բյուջե:

Որոշ դեպքերում արդյունքը կարող է լինել բացասական, որը մարվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքներից հաշվարկված ԱԱՀ-ի հաշվին:

Ապրանքների կամ ծառայությունների ձեռք բերման գործարքների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման համար սահմանված են մի շարք կանոններ, որոնք բերված են 10-րդ և 12-րդ կետերում:

Ի՞նչն է ազատվում ԱԱՀ-ից

ԱԱՀ-ից ազատվում են այն ապրանքներն ու ծառայությունները, որոնց ցանկը նշված է «ԱԱՀ-ի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: ԱԱՀ-ից ազատում նշանակում է, որ այդ ապրանքների վաճառքի կամ ծառայությունների մատուցման գործարքի համար ԱԱՀ չի հաշվարկվում և գանձվում, սակայն այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած ԱԱՀ-ի գումարները չեն կարող հաշվանցվում: (Տես 10-րդ և 12-րդ կետերն ստորև):

ԱԱՀ-ից ազատվում են, մասնավորապես.

– հանրակրթական դպրոցները, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնները, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի դպրոցները, մարզադպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, որակավորման և վերաորակավորման միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները` ուսման վարձի մասով.

– դպրոցական գրելու և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների իրացումը,

– գիտահետազոտական աշխատանքները,

– նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաների կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները,

– թերթերի և ամսագրերի իրացումը,

– թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը,

– կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաների, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների իրացումը,

– ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները,

– կենսաթոշակային ապահովման գործառնությունները,

– բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող ֆինանսական որոշակի գործառնությունները և ծառայությունները,

– պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման ծառայությունների, բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժման հետ կապված ծառայությունների իրացումը,

– միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը ՀՀ կառավարության սահմանած կարգով,

– հասարակական (այդ թվում` բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց սպառումը,

– ՀՀ կառավարության կողմից սահմանած ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը,

– օրենքով սահմանված կարգով բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները:

Որո՞նք են ԱԱՀ-ի հարկային հաշիվներին վերաբերվող կանոնները

ԱԱՀ վճարողները պետք է լրացնեն հարկային հաշիվ ապրանքների մատակարարման կամ ծառայություների մատուցման յուրաքանչյուր գործարքի համար, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման: Հարկային հաշիվ կարող են դուրս գրել միայն ԱԱՀ վճարողները:

Հարկային հաշիվները կարող են լրացվել էլեկտրոնային եղանակով կամ հարկային տեսչությունից ստացված թղթային ձևերով:

Հարկային հաշիվները պետք է ներառեն հետևյալ հիմնական տվյալները.

– հարկային հաշվի սերիան և համարը,

– մատակարարի անվանումը, իրավաբանական հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի անունը, ազգանունը (բնակության վայրը),

– ԱԱՀ վճարողի հաշվառման համարը,

– գնորդի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը, ազգանունը (բնակության վայրը),

– ապրանքների անվանումը և քանակը կամ ծառայությունների տեսակը ծավալը,

– ապրանքների կամ ծառայությունների արժեքը,

– հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (առանձին տողով):

2012թ. հունվարի 1-ից գործում է հարկային մարմնում ԱԱՀ վճարողների պարտադիր հաշվառման և ԱԱՀ վճարողի հաշվառման համարների պարտադիր կիրառման կարգը:

Ինչպիսի՞ պահանջներ են ներկայացվում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման համար

Համաձայն օրենքի` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման համար անհրաժեշտ է, որպեսզի`

– ձեռքբերումների գծով ստացված հարկային հաշիվները լրացվեն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (էլեկտրոնային եղանակով կամ հարկային մարմնից ստացված ձևերի լրացմամբ) և վավերապայմաններին համապատասխան,

– ձեռքբերումները կատարված լինեն արտադրական և այլ առևտրային նպատակներով,

– ապրանքները լինեն ձեռք բերված իսկ ծառայությունները` ստացված,

– այդ ձեռքբերումների դիմաց վճարումները կատարված լինեն բանկային փոխանցմամբ,

– ձեռքբերումներին վերաբերվող ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմին ներկայացված լինեն տեղեկություններ, եթե այդ հաշիվներում հարկվող շրջանառությունը գերազանցում է 100 հազար դրամը և դրանք դուրս չեն գրվել էլեկտրոնային եղանակով, իսկ ստացված հաշիվները չեն ստորագրվել էլեկտրոնային ստորագրությամբ:

Պետք է նկատի ունենալ, որ հարկային հաշիվներում կամ մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ ոչ բոլոր գումարները կարող են հաշվանցվել: Այն ձեռքբերումները, որոնց դիմաց վճարումները կատարված չեն բանկային փոխանցումների միջոցով, կարող են հաշվանցվել միայն այն դեպքում, եթե այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքի գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցում միանվագ գործարքի համար՝ 300 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամը:

Ինչպիսի՞ պահանջներ են ներկայացվում, երբ առաջանում է ԱԱՀ-ի բացասական գումար

Երբ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջանում է ԱԱՀ-ի բացասական գումար, սովորաբար այդ բացասական մնացորդը փոխանցվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջան և ներառվում է ընդհանուր ձեռքբերումների ԱԱՀ-ի գումարների մեջ:

Այնուամենայնիվ, այն դեպքերում, երբ մնացորդը պայմանավորված է ապրանքների կամ ծառայությունների արտահանմամբ և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառմամբ, այդ բացասական մնացորդի (կամ դրա մի մասի) գումարը կարելի է հաշվանցել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց: Եթե բոլոր հարկային պարտավորությունները կատարված են, ապա կարելի է դիմում ներկայացնել հարկային մարմին մնացորդի վերադարձման համար:

Անհրաժեշտ ստուգումներն իրականացնելուց հետո հարկային մարմինը հաստատում է վերադարձի ենթակա գումարը, որի վերաբերյալ կազմում է հապատասխան տեղեկանք: Վերադարձը պետք է կատարել 3 ամսվա ընթացքում:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին  վերաբերվող գումարները կարող են ուղղվել հարկ վճարողի այլ պարտավորությունների մարմանը կամ վերադարձվել առանց ուսումնասիրության կամ ստուգման, եթե ԱԱՀ վճարողը ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանշներով չի համարվում ռիսկային:  

Ի՞նչ կլինի, եթե մատակարարվեն հարկվող և հարկումից ազատված ապրանքներն ու ծառայությունները

Ինչպես նախօրոք արդեն ասվել է, հաշվանցել կարելի է միայն այն ձեռքբերումների գծով վճարված ԱԱՀ-ի գումարները, որոնք կատարվել են ԱԱՀ-ով հարկվող գործարքների իրականացման համար: Եթե դուք գործնականում առնչվում եք հարկվող և հարկումից ազատված գործունեության հետ, ապա պետք է վարել հարկվող և չհարկվող գործարքների, ինչպես նաև դրանց իրականացման համար կատարված ձեռքբերումների առանձնացված հաշվառում:

Այն դեպքերում, երբ ձեռքբերումների մասով հնարավոր չէ իրականացնել առանձին հաշվառում, ապա հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշվում է հետևյալ կերպ.

նախ որոշվում է ընդհանուր գործարքների մեջ հարկվող գործարքների տեսակարար կշիռը.

հաշվանցման ենթակա գումարը հաշվարկվում է այդ տեսակարար կշռին համապատասխան:

Պետք է նկատի ունենալ, որ վերը նշված հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձին-առանձին:

Ե՞րբ են ներկայացվում ԱԱՀ-ի հաշվարկները և կատարվում վճարումները բյուջե

«Ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծումների համար ապրանքները պետք է հայտարարագրել մաքսատանը և ԱԱՀ-ի վճարումը կարելի է կատարել 10 օրվա ընթացքում:

ՀՀ տարածքում իրականացված գործարքների համար ԱԱՀ-ն առաջանում է այդ գործարքների կատարման պահին, իսկ որոշ դեպքերում այդ գործարքների դիմաց վճարը ստանալուց հետո: Սակայն յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկները ներկայացվում և վճարումները բյուջե կատարվում են հետևյալ ժամկետներում.

– այն հարկ վճարողները, որոնց նախորդ տարվա եկամուտները չի գերազանցել 100 մլն. դրամը, հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը: Եռամսյակը ավարտվելուց հետո, մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը պետք է ներկայացնել ԱԱՀ-ի հաշվարկները և կատարել վճարումներ բյուջե:

– այն հարկ վճարողները, որոնց նախորդ տարվա եկամուտները գերազանցել է 100 մլն. դրամը, հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը: Ամիսը ավարտվելուց հետո, մինչև այդ ամսին հաջորդող ամսվա 20-ը պետք է ներկայացնել ԱԱՀ-ի հաշվարկները և կատարել վճարումներ բյուջե:

Տուգանքներ

ԱԱՀ-ի գումարները սահմանված կարգով չհաշվարկելու կամ պակաս հաշվարկելու, կամ հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները ավել ցույց տալու, կամ հարկային հաշիվները սխալ լրացնելու (կազմելու), հարկային հաշիվների վերաբերյալ սահմանված տեղեկությունները չներկայացնելու համար նախատեսվում են մի շարք տուգանքներ, որոնք սահմանված են ՀՀ հարկային օրենքներում:

Share