Բաժին. Տնտեսական

Հայաստանյան բանկերը գրանցել են կորպորատիվ վարկային պորտֆելի աճ

2016 թվականին մեր երկրի բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերը ավելացել են ավելի քան 15%-ով՝ հիմնականում ի հաշիվ կորպորատիվ վարկային պորտֆելի ընդլայնման: Ընդ որում, տրամադրված վարկային ներդրումներում համեմատաբար մեծ տեսակարար կշիռներ ունեն սպառողական, արդյունաբերության և առևտրի ոլորտներին տրամադրված վարկերը` համապատասխանաբար 20.3%, 19.6% և 15.7%:

Ինչպես փաստում են ՀՀ Կենտրոնական Բանկի (ԿԲ) հրապարակած տվյալները՝ հաշվետու տարվա ընթացքում արձանագրվել է չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի աստիճանական բարելավման միտում. չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի (հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի ռիսկային դաս ունեցող) տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում նվազել է 1.2 տոկոսային կետով և կազմել 6.2%:

Ըստ ռիսկի դասերի՝ հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 1.9%, 1.7% և 2.5%: Չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը առավել բարձր է հանրային սննդի ու այլ սպասարկման ոլորտի, արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի վարկերում՝ համապատասխանաբար 13.5%, 10.2% և 9.2%:

Share