Բաժին. Տնտեսական

Վարդան Հարությունյանի մեկնաբանությունը Բավրայի մաքսակետի պետի ձերբակալության մասին. օրենքի խախտում է եղել և այն կատարած անձը պետք է պատժվի

ՊԵԿ համակարգում կրճատումներ են իրականացվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց  ՀՀ  պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

«Վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ իրականացնել: Դա ոչ թե կապված է այն հանգամանքի հետ, որ նախկինում աշխատակազմն ուռճացված է եղել, նման բան չկա, այլ պարզապես  ժամանակի հետ քայլելու խնդիր կա: Նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչ համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»,-ասաց Վարդան Հարությունյանը:

Հարցին, թե հունվարից սկսած որքա՞ն աշխատող է կրճատվել, Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ կառուցվածքային փոփոխությունները դեռ նոր են սկսվել, հետևաբար այս մասին թվեր չի կարող ներկայացնել:

«Բայց, եթե չեմ սխալվում, հունվարից ՊԵԿ համակարգում աշխատանքից ազատվել է 200-ից ավելի աշխատակից: Ընդգծեմ, դա կրճատում չէ»,-ասաց նա: Հարցին, թե խոսվում է այն մասին, որ Վարդան Հարությունյանը պատրաստվում է իր մարդկանց բերել համակարգ, նա պատասխանեց, որ նման բան չկա:

«Իմ գալուց խոսում էին այն մասին, որ գազի համակարգի աշխատողներին բերելու եմ ՊԵԿ համակարգ: Ինքներդ տեսաք, որ նման բան չկա», – ավելացրեց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով «Բավրայի» մաքսակետի պետի ձերբակալման դեպքին` Վարդան Հարությունյանը նշեց, որ օրենքի խախտում է եղել և այն կատարած անձը պետք է պատժվի:

«Պետք է ամեն մարդ հասկանա, որ այսօր անհրաժեշտ է աշխատել պահանջներին համապատասխան: Որոշակի պահանջներ խախտվում են, մարդիկ չեն ընկալում, որ չի կարելի նման ձևով վարվել, այդ դեպքում, իհարկե, կլինեն և՛ ձերբակալություններ, և՛ այլ երևույթներ»,- ասաց նա:

Share