Բաժին. Տնտեսական

ԱԳԲԱ Լիզինգ. գյուղտեխնիկայի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում կնքվեց առաջին պայմանագիրը

Մայիսի 29-ին ԱԳԲԱ Լիզինգում կնքվեց գյուղտեխնիկայի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում իրականացված ԱՌԱՋԻՆ պայմանագիրը: Լիզինգի առարկա հանդիսացան թվով 2 «Բելառուս» մակնիշի տրակտորներ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱԳԲԱ Լիզինգից։

Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը մայիսի 4-ին հուշագիր են ստորագրել «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ընկերությունն իրականացնում է ֆինանսավորում ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում՝ ներառյալ գյուղատնտեսությունը։

Share