Բաժին. Տնտեսական

Shaula International ընկերությունը իտալացի գործարարներին կուղղորդի դեպի Հայաստան

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և Shaula International խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ընկերության ջանքերով Իտալիայում Հայաստանի գործարար հնարավորություններն ու ներդրումային միջավայրը խթանելու նպատակով: Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլին։ Հիմնադրամը Shaula International ընկերությանը Իտալիայում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ է տալիս: Shaula-ն պատրաստակամություն է ստանձնում իտալական ընկերություններին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրը, արտոնյալ առևտրային ռեժիմները, երկու կողմերի բիզնեսմենների համար առավել ամուր գործնական կապերի հիմք ստեղծել: Shaula-ն մեր երկրում հիմնադրված, Իտալայում գործող խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«Իտալական գործարար հանրության հետ պետք է բիզնեսի լեզվով խոսենք՝ իրենց գործարար կարիքներն ավելի լավ ու ամբողջական հասկանալու համար. Իտալիայում գործարար խորհրդատվական հաջողված փորձ ունեցող ընկերության հետ այս հուշագրի ստորագրումը դրա առաջին քայլն է»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

«Մենք պատրաստ ենք ամբողջ ուժով իրագործել այս նախաձեռնությունը՝ դեպի Հայաստան ավելի շատ ներդրումներ և գործարարների ներգրավելու, արտահանումը և զբոսաշրջությունը խթանելու համար»,- նշել է Shaula International ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին:

Share