Բաժին. Տնտեսական

Մեր երկիրը կուտակել է 4.8 մլրդ դոլարի արտաքին պարտք

Ընթացիկ տարվա մարտ ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին պետական պարտքը կազմել է 4 մլրդ 827 մլն 517 հազար ԱՄՆ դոլար, որի շուրջ 68%-ը կազմել են բազմակողմանի վարկային ծրագրերը: Դրանք միջազգային կառույցներից ստացված վարկերն են:

Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության՝ Համաշխարհային բանկին բաժին է ընկնում մեր երկրի համախառն արտաքին պետական պարտքի 36%-ը, Ասիական զարգացման բանկին՝ 10.7%-ը, Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 8.5%-ը: Միևնույն ժանանակ, Եվրասիական զարգացման բանկ մասնաբաժինը մեր երկրի արտաքին պարտքի կառուցվածում կազմում է 4.2%, Եվրոպական ներդրումային բանկինը՝ 3.3%, Եվրամիությանը՝ 1.4%-ը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին՝ 1.3%, իսկ նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամինը՝ 1.2%:

Միևնույն ժամանակ, երկկողմանի վարկային ծագրերը կազմել են մեր երկրի արտաքին պետական պարտքի 13.6%-ը: Երկկողմ վարկային ծրագրերի մասով առավել մեծ մասնաբաժին ունեն Ճապոնիան (JICA), Գերմանիան (KFW) և Ֆրանսիան:

Արտաքին պետական պարտքի մոտ 18%-ը կազմել են ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը:

Նշենք նաև, որ տարեսկզբին արձանագրված ցուցանիշի համեմատ մեր երկրի համախառն արտաքին պետական պարտքն աճել է 0.5%-ով:

Share