Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխման դեպի քաղաք և այլ վայրեր ծառայություններին՝ վարչապետը նշել է. «Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը՝ արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին։ Նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է, հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների սպառողն են հանդիսանում Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու մեր համաքաղաքացիները»։

Վարչապետը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 1-շաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ, լիցենզավորման ոլորտում օրինախախտումների գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը։ ՀՀ ոստիկանապետին կառավարության ղեկավարը հանձնարարել է 1-շաբաթյա ժամկետում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ փաստացի առանց լիցենզիայի գործող տաքսի վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։

«Պրոբլեմը բոլորդ լավ գիտեք՝ անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճ՝ Սևանա լճի փոխարեն Մալաթիա-Սեբաստիայով հասցնող, տարբեր տարիֆներ կիրառող և այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջու՞մ ենք վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ինչպես պետք է իրեն պահի»,-ասել է վարչապետը: Դիմելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` Կարեն Կարապետյանը նշել է, որ հարկավոր է կոշտ քայլեր ձեռնարկել: Վարչապետի խոսքով՝ դա անթույլատրելի է, քանի որ զբոսաշրջիկն առաջին տպավորությունը Հայաստանի մասին նրանցից է ստանում:

Վլադիմիր Գասպարյանն էլ նշել է, որ տարիներ շարունակ այդ խնդիրը բարձրացվում է և ոլորտում համապատասխան աշխատանքներ արդեն իսկ տարվել են. «Մենք չենք կարողանում հասնել նրան, որ կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք չստանան լիցենզիա: Այդ հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում»։

Դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին վարչապետը մեկ անգամ ևս հանձարարել է կարգավորել դաշտը՝ հստակ հայտանիշեր դնելով: Վարչապետն առաջարկել է երթուղային գիծ մշակել, սակագներ հաստատել և այլն:

Share