Բաժին. Տնտեսական

Դալմա Գարդեն Մոլի հարևանությամբ կկառուցվի «Հայկական Գյուղ» ազգագրական թաղամաս. Կարեն Կարապետյանը ծանոթացել է ծրագրի մանրամասներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է «Դալմա Մոլ» համալիրի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հայկական Գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են ծրագրի մանրամասները, որով նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Ծրագրին նախորդել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ և այլն) բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ: Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները սկսված են: Ներկայումս կառուցապատման ներդրումային ֆոնդը գտնվում է ձևավորման փուլում, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հողամասերի սեփականատերերը և Երևանի քաղաքապետարանը:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել ծրագրի վերջնական տարբերակը՝ այն ներդրողների հետ քննարկելու նպատակով: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ «Հայկական Գյուղ»-ը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը, նպաստել մշակութային զբոսաշրջության հետագա զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը:

 

Share