Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-մայիսին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 6.4%-ով

2017թ. հունվար-մայիսին, 2016թ. տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.4%-ով: Այս մասին հաղորդում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-մայիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 14.4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 12.8%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 11.0%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3.5%-ով, շինարարության ոլորտում արձանագրվել է անկում՝ շուրջ 12.1%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 625.053 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 894.487 մլրդ ՀՀ դրամ,  ծառայությունների ծավալը՝  524.689 մլրդ ՀՀ դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 176.63 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 78.586 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 100.4%:

Share