Բաժին. Տնտեսական

Հայկ Հարությունյան. քննարկման փուլում է չգազաֆիկացված համայնքների հելիոֆիկացման ծրագիրը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ակտիվ քննարկման փուլում է չգազաֆիկացված համայնքների հելիոֆիկացման՝ արևային էներգիայի արտադրություն հիմնելու ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 28-ին Գերմանա-հայկական հիմնադրամի շրջանակում իրականացվող «Վերականգնվող էներգիայի խրախուսում» վարկային ծրագրի շահառուների համար կազմակերպվող սեմինարի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Ներկայումս ունենք 320 չգազաֆիկացված համայնք , որտեղ ապրում են Հայաստանի բնակչության 5 տոկոսը: Այստեղ գազաֆիկացում կատարելը բավականին ծախսատար է և տնտեսապես չհիմնավորված: Լեռնամերձ գյուղի օրինակով ցույց ենք տվել, որ հնարավոր է մի քանի անգամ ավելի քիչ գումար ծախսելով արևային ջրատաքացուցիչներ տեղադրելը»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` հստակ հաշվարկ է արված տվյալ համայնքներում որքան ներդրում է անհրաժեշտ, որ հնարավոր լինի յուրաքանչյուր տանիքում ջրատաքացուցիչներ տեղադրել:

«Ունենք նաև տվյալներ, թե որքան ներդրում է պահանջում հետագայում ֆոտովոլտային համակարգեր, պելետային կաթսաներ, բիոգազի սարքեր տեղադրելու համար: Այսինքն` այն գումարները , որոնք պահանջվում էին գազաֆիկացման համար, կարելի է ծախսել գյուղերում ամբողջովին վերականգնվող էներգիայի արտադրություն ներդնելով», – եզրափակեց Հարությունյանը:

Share