Բաժին. Տնտեսական

Արցախի տնտեսական ակտիվությունն աճել է 12.3%-ով

Արցախի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-ապրիլին 12.3 տոկոսով գերազանցել է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, հունվար-մարտին Արցախի ՀՆԱ-ի ցուցանիշն աճել է 8.1 տոկոսով` շուկայական գներով կազմելով 43 մլրդ 312 մլն դրամ, իսկ հիմնական գներով` 41 մլրդ 706.4 մլն: Այս տարվա հունվար-մարտին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է գրանցվել միայն գյուղատնտեսական  արտադրանքի ոլորտում:

Շինարարության ծավալը նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ աճել է 51.3 տոկոսով` կազմելով 8 մլրդ 404.3 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 15 մլրդ 44.3 մլն  դրամ` աճելով 15.6 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 15.1 տոկոսով` կազմելով 5 մլրդ 143.8 մլն դրամ: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-մարտի համեմատ աճել են 60.2 տոկոսով (80 մլն 825.8 հազար ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 70.6 տոկոսով (17 մլն 652.1 հազար դոլար), իսկ ներմուծումը` 57.5 տոկոսով (63 մլն 173.7 հազար դոլար): Առեւտրի շրջանառությունն ավելացել է 6.5 տոկոսով և կազմել 22 մլրդ 113.7 մլն դրամ:

2016 թ. հունվար-մարտի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն աճել է 8.3 տոկոսով` կազմելով 12 մլրդ 993.5 մլն դրամ:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,1 տոկոսով` կազմելով 152 հազար 7 դրամ: Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-մարտին ավելացել է 0,6 տոկոսով:

Share