Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի գլխավորած պատվիրակությանը` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԳ-ին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին օժանդակելու համար` առանձնացնելով նաև օրերս Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացումը:

«Ավստրիայի զարգացման գործակալությունը կարևոր առաքելություն է իրականացնում մեր երկրում, հատկապես օրգանական գյուղատնտեսության ոլորտում, որում ներգրավվածների քանակն օրեցօր  ավելանում է: Բայց մենք դեռևս շատ անելիքներ ունենք այս ոլորտում, քանի որ ցանկանում ենք բոլոր առումներով մրցունակ արտադրանք ստեղծել», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղատնտեսության նախարարը ներկայացրել  է ոլորտում իրականացվող ծրագրերը և  դրանց արդյունքները` հույս հայտնելով, որ  դրանք կարող են նաև հետաքրքիր լինել  Ավստրիայի զարգացման գործակալության համար ներդրումներ իրականացնելու տեսանկյունից:

Ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է օրգանական գյուղմթերքի արտադրության ընդլայնումը և նկատի ունենալով Գործակալության հետ համագործակցության հաջող փորձն այս ոլորտի զարգացման ուղղությամբ` նախարարն առաջարկել է երկուստեք ուսումնասիրել գլոբալ ծրագրի իրականացման հնարավորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացմանը, ինչը թույլ կտա լուծել սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը:

Նախարարը նաև առաջարկել է քննարկել եվրոպական փորձի ներդրմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության ներքո գործող գիտական կենտրոնների բարելավման, արդիականացման և կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Share