Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. Վիվառո Գրուպը բողոքում է՝ Adjarabet.am կայքի գովազդները պարունակում են ակնհայտ անբարեխիղճ մրցակցության տարրեր

Հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ն՝ բողոքելով մրցակից ընկերության՝ «adjarabet.am» էլեկտրոնային կայքի սեփականատեր հանդիսացող  «Կաբարկո» ընկերության վարքագծից: Ըստ բողոքի, վիճակախաղերով և շահումով խաղերով զբաղվող «adjarabet.am»-ի գովազդները պարունակում են ակնհայտ անբարեխիղճ մրցակցության տարրեր՝ վնասելով մրցակից ընկերությունների, տվյալ պարագայում իրենց շահերին:

Մասնավորապես, գովազդի տեքստում առկա հետևյալ ձևակերպումները. «ամենաշատ մրցաշարերը Հայաստանում», «ամենաբարձր գործակիցները սպորտում», «ամենահետաքրքիր արագ խաղ, պրոգրեսիվ ջեքփոթ» և  «ամենահայտնի Live կազինո խաղերը մեզ մոտ» նախադասություններում օգտագործվող «ամենա» գերադրական աստիճանի օգտագործումը արգելվում է օրենքով, քանի որ այն ուղղակիորեն սպառողներին ուղղորդում է օգտվել հենց իրենց ծառայություններից՝ միաժամանակ վնասելով մրցակիցների շահերին: Ամենահետաքրքիր, ամենահայտնի, ամենաբարձր և նման այլ արտահայտություններով փորձ է արվում մոլորեցնել սպառողներին՝ ցույց տալով, որ լավագույնը հենց իրենց ընկերությունն է և այլընտրանք չկա: Բացի այդ, դիմումատուն նշում է նաև, որ սպառողներին մոլորեցնելու տարրեր է պարունակում նաև այն, որ «adjarabet.am»-ի գովազդային վահանակներում պատկերված են 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի պատկերներ, ինչն օրենքով արգելված է:

Հանձնաժողովի դիտարկմամբ, տնտեսվարողի նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար «adjarabet.am» կայքը շահագործող ընկերությունը՝ «Կաբարկոն» ենթարկվեց պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում:

ՏՄՊՊՀ-ը տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորում է զերծ մնալ այնպիսի գործողություններից, կամ դրսևորել այնպիսի վարքագիծ, որը ոչ միայն կշփոթեցնի և կմոլորեցի սպառողներին, այլ նաև կվնասի մրցակից ընկերությունների շահերին:

Share