Բաժին. Տնտեսական

Արթուր Ջավադյան. առաջիկա 5 տարում 5% տարեկան տնտեսական աճն իրատեսական է

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը իրատեսական է համարում առաջիկա 5 տարվա համար տարեկան 5 տոկոս տնտեսական աճի ապահովումը, ինչն ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ այս տարվա նոյեմբերին կառավարությունը կներկայացնի 2018 թ. պետական բյուջեի նախագիծը, որում հստակ նշված կլինեն հիմնական ցուցանիշային թվերը:

Դիտարկմանը, թե մասնագետներն այն կարծիքին են, որ 5 տոկոս տնտեսական աճը չի կարող ապահովել Հայաստանի զարգացումը, ՀՀ ԿԲ նախագահը պատասխանեց. «Գիտեք, յուրաքանչյուր մարդ կարող է իր կարծիքն ունենալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քայլեր դու կիրականացնես: Եթե քո արած քայլերը լինեն պրոֆեսիոնալ և անաչառ, ամեն ինչի էլ հնարավոր է հասնել: Պետք է մի փոքր հավակնոտ լինել և ամեն ինչի էլ հնարավոր է հասնել: Այսօր աշխարհում 5 տոկոս աճը բավականին լուրջ թիվ է»:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ 2016 թ. ընդամենը 0.2 տոկոս տնտեսական աճ է գրանցվել ՀՀ-ում, Արթուր Ջավադյանն ընդգծեց, որ 2014 թ. սկսած կտրուկ նվազել են մասնավոր տրանսֆերտները, պղնձի և մոլիբդենի գները: «Դուք գիտեք, որ մեր արտահանման մեջ մեծ դեր ունի հանքարդյունաբերությունը: Եղել է պղնձի և մոլիբդենի գների կտրուկ նվազում և այդ պարագայում շատ լավ է, որ մենք կարողացանք տարին ավարտել գոնե 0-ից վերև տնտեսական աճի ցուցանիշով»,- ասաց Արթուր Ջավադյանը:

Նա նաև ընդգծեց, որ Կենտրոնական բանկը 2014 թ. հետո 4.5 տոկոսով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը նպաստել է տնտեսության զարգացմանը և 0-ից բարձր մակարդակում տնտեսական աճի ձևավորմանը:

Share